«Քաղցկեղն ազդում է մարդու կյանքի բոլոր կողմերի վրա». Քեյթ Միդլթոնն այցելել է Մանչեսթերի քաղցկեղի կենտրոն
Աշխարհում
10:57 06/06/2026
Աշխարհ

«Քաղցկեղն ազդում է մարդու կյանքի բոլոր կողմերի վրա». Քեյթ Միդլթոնն այցելել է Մանչեսթերի քաղցկեղի կենտրոն

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն այցելել է Մանչեսթերի քաղցկեղի կենտրոն՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող համալիր խնամքի ծրագրերին և հանդիպելու բուժում ստացող մորը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Այցի ընթացքում արքայադուստրը ներկա է գտնվել 30-ամյա Քլեր Լորենտեի քիմիաթերապիայի ավարտը խորհրդանշող արարողությանը։ Քլերը, ընտանիքի անդամների և բուժանձնակազմի ներկայությամբ, հնչեցրել է այսպես կոչված «բուժման ավարտի զանգը»։ Քեյթ Միդլթոնը շնորհավորել է երիտասարդ մորը, գրկախառնվել նրա հետ և նշել, որ նա մեծ ուժ և տոկունություն է ցուցաբերել բուժման ողջ ընթացքում։

Արքայադուստրը նաև զրուցել է Քլերի ընտանիքի անդամների հետ՝ ընդգծելով, որ քաղցկեղի դեմ պայքարը դժվար փորձություն է ոչ միայն հիվանդի, այլև նրա մտերիմների համար։ Նա խրախուսել է Քլերին և բարձր գնահատել նրա անցած ճանապարհը։

Այցի շրջանակում Ուելսի արքայադուստրւ շրջել է կենտրոնի տարբեր բաժանմունքներում, ծանոթացել հիվանդների և խնամողների համար նախատեսված ծառայություններին, այդ թվում՝ արվեստի թերապիայի դասընթացներին, բարեկեցության այգուն և հոգեբանական ու հոգևոր աջակցության ծրագրերին։

Արվեստի թերապիայի սեանսի ընթացքում արքայադուստրը զրուցել է հիվանդների հետ և նշել, որ սեփական փորձից գիտի՝ քաղցկեղը մարդու կյանքում փոփոխություններ է առաջացնում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական և հուզական մակարդակներում։ Նրա խոսքով, կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ կարող են արտահայտել և մշակել իրենց ապրումները։

Նա այցելել է բարեկեցության այգի, հանդիպել բուժում ստացող հիվանդների հետ, իսկ այցի ավարտին եղել է դեռահասների և երիտասարդների բաժանմունքում, որտեղ գործում են երաժշտական սենյակ, մարզասրահ և հանգստի գոտիներ։

Կենտրոնի գործադիր տնօրեն Ռոջեր Սփենսեր նշել է, որ մեծ պատիվ էր հյուրընկալել արքայադստերը և ներկայացնել հիվանդանոցում իրականացվող մարդակենտրոն խնամքի մոտեցումը, որը կենտրոնանում է ոչ միայն հիվանդության, այլև անձի ընդհանուր բարեկեցության վրա։

Այցից հետո Քեյթ Միդլթոնը սոցիալական ցանցերում հրապարակած գրառմամբ ընդգծել է, որ քաղցկեղի բուժումը շատ ավելին է, քան բժշկական միջամտությունները։ Նրա խոսքով, հիվանդությունն ազդում է մարդու կյանքի բոլոր կողմերի վրա, իսկ համալիր  աջակցությունը հիվանդներին հնարավորություն է տալիս ակտիվորեն մասնակցել սեփական ապաքինման գործընթացին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Քաղցկեղն ազդում է մարդու կյանքի բոլոր կողմերի վրա». Քեյթ Միդլթոնն այցելել է Մանչեսթերի քաղցկեղի կենտրոն