Ավստրալիայում առգրավել են ավելի քան 100,000 արգելված խավարասեր
Հասարակություն
21:08 06/06/2026
Աշխարհ

Ավստրալիայում առգրավել են ավելի քան 100,000 արգելված խավարասեր

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են երկրի պատմության մեջ էկզոտիկ անողնաշարավորների ամենախոշոր առգրավման մասին։ Նոր Հարավային Ուելս նահանգի Բատերստ քաղաքում գործող առևտրային բուծողից հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 100,000 խավարասեր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ըստ Ավստրալիայի Կլիմայի փոփոխության, էներգետիկայի, շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարարության՝ առգրավված միջատների ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 200 հազար ավստրալական դոլար (մոտ 142 հազար ԱՄՆ դոլար)։ Գործողությունն իրականացվել է մայիսին։

Առգրավված խավարասերների մեծ մասը պատկանում էր Մադագասկարյան սուլող խավարասերի և դուբիա խավարասերի տեսակներին, որոնց պահպանումն ու տարածումը երկրում  արգելված է։ Մադագասկարյան սուլող խավարասերը համարվում է աշխարհի ամենամեծ խավարասերներից մեկը․ դրա երկարությունը հասնում է 5-8 սմ-ի։ Գերատեսչության հրապարակած լուսանկարներում երևում են խոշոր, փայլուն շագանակագույն միջատներ, որոնք չափերով գերազանցում են մարդու մատի լայնությունը։

Համեմատության համար՝ Ավստրալիայում տարածված սովորական խավարասերների երկարությունը սովորաբար կազմում է 2.3-3.6 սանտիմետր։ Չնայած երկրում խավարասերների հարյուրավոր տեսակներ են հանդիպում և դրանք բարենպաստ պայմաններ են գտնում Ավստրալիայի մերձարևադարձային կլիմայում, օտարերկրյա տեսակների ներմուծումն ու բուծումը խստորեն վերահսկվում է՝ տեղական էկոհամակարգերը պաշտպանելու նպատակով։

Պաշտոնյաների գնահատմամբ՝ այս առգրավումը կարևոր քայլ է կենսաբանական անվտանգության պահպանման և հնարավոր էկոլոգիական վտանգների կանխման գործում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավստրալիայում առգրավել են ավելի քան 100,000 արգելված խավարասեր