4 ընտրատեղամասերում համեմատության արդյունքում մեզ վերադարձել է 120 ձայն. Արման Աբովյան
Քաղաքական
17:37 08/06/2026
Հայաստան

4 ընտրատեղամասերում համեմատության արդյունքում մեզ վերադարձել է 120 ձայն. Արման Աբովյան

«Այն պրոցեսները, որոնց մենք բոլորս ականատեսն ենք, մեղմ ասած մտահոգիչ են»,-հայտարարեց ԲՀԿ անդամ, պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը։

Նա նշեց, որ ԿԸՀ կայքում տեղամասերից ստացած  քվեաթերթիկների վերաբերյալ թվերի ներկայացման ժամանակ ԲՀԿ քվեների բացարձակ թիվը մեկ ավելացել են,  մեկ՝ պակասել։

«Խոսքը տոկոսների մասին չէ, այլ բացարձակ թվերի»,-տարակարծություններից ու մեկնաբանություններից խուսափելու համար ընդգծեց նա։

Աբովյանի խոսքով, ԲՀԿ-ն պահանջել է վերահաշվարկ, քանի որ վերջնական արդյունքը ԿԸՀ կայքում հրապարկվելուց հետո մեկ էլ պարզվում է, որ հազարերորդական ձայներ են պակասում անցողիկ շեմի հաղթահարման համար։

«Այս պահի դրությամբ տեղամասերի հստակ թիվը զերծ կմնամ ասել, հավատացնում եմ ձեզ, դա 1-2 տեղամաս չի, ունենք տվյալներ, որ չորս ընտրատեղամասերում  համեմատության արդյունքում մեզ վերադարձել է 120 ձայն։ Մենք այս պահին ԿԸՀ-ի հետ գտնվում ենք աշխատանքային պրոցեսի մեջ։ Փաստն այն է, որ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր օգտին քվեարկված մեծ թվով ձայներ մեզ չեն եկել, չեն հաշվարկել»,-ասաց Աբովյանը։

ԲՀԿ ներկայացուցիչն ասաց՝ պատճառների մասին ուսումնասիրություն են իրականացնում։ Նա կասկած հայտնեց, որ քաղաքական հաշվարկ կա այս ամենի հիմքում, քանի որ ԲՀԿ-ում խորհրդարանում չհայտնվելու դեպքում լրիվ այլ պատկեր կլինի ԱԺ-ում։

Անդրադառանալով ընտրական գործընթացին՝ ընդդիմադիր գործիչն ասաց, ողջ ընթացքում  իշխանության կողմից խայտառակ, աննախադեպ ճնշումներ էին գործադրվում այդ թվում ԲՀԿ-ի նկատմամբ։

«Մենք մանդատակռիվ չենք անում, մենք հայտարարել ենք ու վերահաստատում եմ, որ գնալու ենք մեր ընտրողների յուրաքանչյուր ձայնի, քվեի հետևից։ Առաջնային կերպով դիտարկում ենք սա»,-ասաց Աբովյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder