Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը փաստել է Հայաստանում ընտրարշավի ընթացքում ընդդիմությանը ճնշումների ենթարկելու մասին
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ուղեկցվել է ընդդիմության վրա ճնշումներով։ Այդ մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) կարճաժամկետ ընտրությունների դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին։
«Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն ընտրողներին հնարավորություն տվեցին ազատորեն ընտրել տարբեր քաղաքական այլընտրանքների միջև։
Քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումը զգալի ազդեցություն է ունեցել նաև ընտրողների վրա։
Նախընտրական քարոզարշավը ուղեկցվել է սադրիչ հռետորաբանությամբ և ընտրակաշառքի, ինչպես նաև այլ ընտրախախտումների մասին մեղադրանքներով։ Արդյունքում, շատ ընդդիմադիր ուժեր զրկվել են քարոզարշավին ակտիվորեն մասնակցելու հնարավորությունից։
Մեծ մտահոգություն են առաջացնում կառավարական պաշտոնյաների՝ իշխող կուսակցության միջոցառումներին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական միջոցառումներն մասնակցել ստիպելու մասին հաղորդագրությունները», -նշեց Քարիմին։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 49.825%-ը, Սամվել Կարապետյանի «Հզոր Հայաստան» դաշինքը՝ 23.281%-ը, իսկ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 9.934%-ը։ Ըստ ճշգրտված տվյալների՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3.996%-ը։ Կուսակցությունների համար ընտրական շեմը 4% է։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 58.97%։