Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արևմտամետ, բայց պոպուլիստ. Ինչպե՞ս է միջազգային մամուլն արձագանքգում Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ու արդյունքներին
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները լայն արձագանք են ստացել արևմտյան լրատվամիջոցներում, որոնք դրանք ներկայացնում են որպես երկրի արտաքին քաղաքական ուղղության հնարավոր շրջադարձ դեպի Եվրոպա՝ միաժամանակ պահպանելով լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների՝ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ստացել է մոտ 49,81 % ձայներ և ապահովել խորհրդարանական մեծամասնություն։ Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ՝ սա բավարար է, որպեսզի կառավարությունը շարունակի իր քաղաքական կուրսը՝ ուղղված Եվրոպայի հետ խորացող համագործակցությանը և տարածաշրջանային խաղաղության օրակարգին։
«Այս ընտրությունները նոր մանդատ են տալիս դիվանագիտական ներգրավվածության դրական ընթացքը պահպանելու, հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և Հայաստանի անվտանգության գործընկերների շարունակական դիվերսիֆիկացման համար», - երկուշաբթի օրը AP-ին ասել է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Նա երեկվա քվեարկությունը որակել է որպես «կարևորագույն ընտրություն», որը «երկրի ապագայի վերաբերյալ հանրաքվե է»։
«Թեկնածուների մեծ մասի համար նախնիների հայրենիքի կորստի թեմայով քարոզարշավ անցկացնելը և վաղեմի թշնամու հետ հաշտեցում քարոզելը հավասարազոր կլիներ քաղաքական ինքնասպանության։ Բայց ոչ Հայաստանում։ Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց 3 միլիոն բնակչություն ունեցող կովկասյան երկրում, չնայած ընդամենը երեք տարի առաջ Հայաստանը տարավ Ադրբեջանի դեմ կրած ջախջախիչ ռազմական պարտության միջով»,-գրում է The Guardian-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ Ղարաբաղի կորուստը մնում է բաց վերք, և դրա հետ կապված հույզերը բազմիցս անդրադարձել են Փաշինյանի մասնակցությամբ քարոզարշավի վրա։
Արևմտյան ԶԼՄ-ները ընտրությունները դիտարկում են որպես փորձաքար Հայաստանի՝ դեպի Եվրամիություն մերձեցման քաղաքականության համար։ Եվրոպական կառույցները, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հրապարակավ ողջունել են ընտրությունների արդյունքները՝ այն գնահատելով որպես «ժողովրդավարական Հայաստանի» հաստատում և երկրի եվրոպական ինտեգրման շարունակություն։
Արևմտյան մամուլը մեծ ուշադրություն է դարձնում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Լրագրողների գնահատմամբ՝ վերջին տարիներին, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների ֆոնին, Հայաստանի հասարակության մի մասի մոտ աճել են Մոսկվայից դժգոհությունները։ Վերլուծություններում նշվում է, որ Մոսկվան փորձում է պահպանել ազդեցությունը տարածաշրջանում, սակայն ընտրությունները ցույց են տալիս այդ ազդեցության աստիճանական նվազում։
Արևմտյան մեկնաբանների կարծիքով՝ ընտրությունները տեղի են ունենում այն փուլում, երբ Հայաստանը փորձում է վերաիմաստավորել իր արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի հետ և հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հետ։ Ըստ այդ գնահատականների՝ ընտրությունների արդյունքը կարող է արագացնել տարածաշրջանային նոր քաղաքական փուլը, որտեղ Հայաստանը փորձում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից և ավելի ամրապնդել կապերը Արևմուտքի հետ։