Մանդատները չվերցնելը չի հանգեցնի նոր ընտրությունների, բայց կարող է քաղաքական ճգնաժամ առաջացնել. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքական
16:38 08/06/2026
Հայաստան

Մանդատները չվերցնելը չի հանգեցնի նոր ընտրությունների, բայց կարող է քաղաքական ճգնաժամ առաջացնել. Արփինե Հովհաննիսյան

Իրավաբան, արդարադատության նախկին նախարար, ԱԺ  նախկին փոխնախագահ  Արփինե Հովհաննիսյանը տեսաուղերձով անդրադարձել է ընտրությունների նախնական արդյունքներին՝ նշելով, որ թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրությունների նախնական արդյունքները, պատկերը արդեն պարզ է, այնուամենայնիվ կարող է լինել ձայների վերահաշվարկ և որոշակի փոփոխություններ մինչև մեկ շաբաթ անց վերջնական արդյունքների հրապարակումը։

Հովհաննիսյանը կարևորել է քաղաքական ուժերի կողմից իրենց չընտրած քաղաքացիներին չթիրախավորելը, դա կլիներ ամենամեծ սխալը։  Նա կարևորել է, որ  նման արդյունքների պայմաններում հիասթափությունը գերիշխող էմոցիա չդարձնելը։

Անդրադառնալով մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ ակտիվորեն քննարկվող հարցին՝ նախկին նախարարը նշել է, որ այն ունի թե՛ իրավական, թե՛ քաղաքական բաղադրիչներ։

Հովհաննիսյանը պարզաբանել է, որ մանդատներից հրաժարվելն իրավական տեսակետից չի նշանակում, որ այն կարող է  հանգեցնել նոր ընտրությունների, ընտրությունների երկրորդ փուլի կամ այլ նմանատիպ հետևանքների։

«Մանդատները չվերցնելը իրավաբանորեն նախևառաջ նշանակում է, որ «Հայաստան» դաշինքի 212, «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 200 անձինք պետք է մանդատից հրաժարվելու անհատական դիմումներ ներկայացնեն ԿԸՀ»,– նշել է նա՝ հավելելով, որ դրանից հետո միևնույն է կկայացվի ԱԺ ձևավորելու, մանդատներ բաշխելու և նոր ԱԺ ձևավորելու որոշում։

Հովհաննիսյանի խոսքով, այդ պարագայում էլ ՔՊ-ն կստանա այնքան ձայն, այս պահին՝ 64 մանդատ, ու կգնա խորհրդարան։

Նա նաև ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերի մանդատներից հրաժարվելու դեպքում դրանք չեն փոխանցվի անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերին։

Խոսելով քաղաքական հետևանքների մասին՝ Հովհաննիսյանը նշել է, որ մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ, այն առաջացնում է լեգիտիմության խնդիր, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի, քաղաքական պայքարի մեխանիզմ է։ Նրա գնահատմամբ՝ ընտրություններին մասնակցած և արձանագրված արդյունքներով խորհրդարան անցած ընդդիմությունը, ըստ էության, այս պահին ըստ մանդատի պետք է ինքը կայացնի որոշում։

«Սա իրենց որոշումն է, իրենց ընտրողների հետ երկխոսելու իրենց բանաձևը։ Կարծում եմ՝ այդ որոշման մասին պետք է իրենք տեղյակ պահեն ու ասեն՝ որ տարբերակով են առաջ շարժվում։ Վերցնում են՝ ինչո՞ւ, չեն վերցնում՝ էլի ինչո՞ւ»,– ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը պետք է հանրությանը հստակ ներկայացնեն իրենց ընտրությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder