Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լավրով. ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանի կողմից պարտավորությունները չկատարելու համար պատժի հարցը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, սակայն պաշտոնապես մնում է կազմակերպության անդամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանը իսկապես կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած պաշտոնապես մնում է լիիրավ անդամ։ Այստեղ առկա է նաև Հայաստանի պետական դրոշը՝ ՀԱՊԿ-ի մյուս պետությունների դրոշների հետ միասին», -Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Լավրովը։
Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը կվերանայի Հայաստանի կողմից կազմակերպությանը անդամավճարների չվճարման հետ կապված իրավիճակը, մասնավորապես ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։
«Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք այդ հարցը։ Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,-լրագրողներին ասել է Լավրովը։
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չկատարեն կազմակերպության բյուջեին իրենց պարտքը մարելու իրենց պարտավորությունները, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկել նրանց կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։
Բացի այդ, Կանոնադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով ընդունված կազմակերպության մյուս մարմինների որոշումները, ապա խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների աշխատանքներին կամ բացառել նրան կազմակերպությունից։ Նման հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց տվյալ անդամ պետության ձայնը հաշվի առնելու։