Ընդդիմությունը գտնվում է բարդ վիճակում. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքական
16:54 11/06/2026
Հայաստան

Ընդդիմությունը գտնվում է բարդ վիճակում. Արփինե Հովհաննիսյան

«Ընդդիմությունը գտնվում է բարդ վիճակում և ցանկացած որոշման դեպքում էլ, միևնույն է, վճարելու է բավականին բարձր քաղաքական գին, բայց շատ կարևոր է, որ որոշումները, որոնք կայացվում են, լինեն ոչ թե արտաքին ազդակներով պայմանավորված, այլ լինեն քաղաքական որոշումներ, որոնք կկոմունիկացվեն շատ ազնիվ ու հասուն կերպով սեփական ընտրողների հետ»,- անդրադառնալով հետընտրական իրավիճակին և մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ ասել է արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ընդդիմության մանդատները չվերցնելու դեպքում այլ քաղաքական ուժերի կողմից այդ մանդատները ստանձնելու սցենարը չի կարելի իրատեսական համարել։

Անդրադառնալով ընդդիմության հնարավոր քայլերին՝ նախկին նախարարը նշել է, որ մանդատներից ամբողջական հրաժարումը կարող է հանգեցնել ընդդիմության նկատմամբ լրացուցիչ ճնշումների և արտահերթ ընտրությունների անցկացման։

«Եթե ինչ-որ մի հրաշքով ընդդիմությունը չվերցնի մանդատները, բոլորը բացարկ հայտնեին, ապա դրսում գտնվող ընդդիմությանը ամեն կերպ կճնշեին, և վեց ամիս կամ մեկ տարի հետո կգնային արտահերթ ընտրությունների, որտեղ արդեն բոլորովին այլ պատկերով խորհրդարան կունենային»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Ի դեպ, նա լուրջ չի համարում այն թեզը, որ ընդդիմությունը կարող է իր կողմ ՔՊ-ական պատգամավորներ տանել։

«Անլուրջ եմ համարում իշխանական պատգամավորների այս կողմ բերելու թեզը,  ես ավելի լուրջ կհամարեմ այն քննարկումը, որ ընդդիմության առաջնորդները հանրային երաշխավորություն ստանձնեն իրենց ցուցակներից պատգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար՝ երաշխավորելով, որ նրանք չեն լինելու այն պակասող ձայները։ Սա ավելի առարկայական և բաց խոսակցություն կլինի, քան ինչ-որ հորինված քարոզչական թեզեր տարածելը»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder