Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բորելիոզը (Լայմի հիվանդություն) տզերով փոխանցվող ամենատարածված հիվանդությունն է հյուսիսային կիսագնդում` հանգեցնելով տարեկան 700.000- 1մլն նոր դեպքերի: Առավելապես բարձր տարածվածություն է արձանագրվում ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի տարածքների մեծ մասում, Ասիայի որոշ երկրներում: Ըստ ԱՀԿ-ի գնահատման` վերջին տարիներին աշխարհում բավականին բարձրացել է Լայմի հիվանդության տարածվածության մակարդակը:
«Հերացի» վերլուծականի հաղորդմամբ, գլոբալ գնահատմամբ` այն աշխարհում կազմում է 14-22%, ինչը որակվում է որպես նոր համաճարակ: ԱՄՆ-ում 2023թ. հիվանդացությունը 1,7 անգամ ավելի բարձր է եղել (650,000 դեպք) նախորդ տարվա համեմատ: 2024թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը փաստել է, որ դեպքերի իրական տարածվածությունը 7 անգամ գերազանցում է համաճարակաբանական դիտարկման համակարգում արձանագրված դեպքերի մակարդակը: Այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 3 միլիոն մարդ (բնակչության մոտավորապես 1%-ը) հիվանդանում է Լայմի հիվանդությամբ: Մեկ այլ հետազոտությամբ փաստվել է, որ Հյուսիսային Ամերիկայի բնակչության 9%-ն ունի Լայմի հիվանդություն:
Ապացուցահեն տվյալները վկայում են, որ եվրոպական երկրներում հիվանդացության մակարդակն ամենաբարձրն է, և որոշ շրջաններում այն ախտորոշվել է բնակչության շուրջ 20%-ի շրջանում: Ամեն տարի դիտարման համակարգերը հաղորդում են միջինում վարակի 132.000 դեպք: Հատկապես բարձր հիվանդացություն արձանագրվել է Էստոնիայում, Ֆինլանդիայում և Սլովենիայում, որտեղ տարեկան հիվանդացությունը գերազանցում է 100/100.000 դեպքը:
Դիտարկումները վկայում են, որ Եվրոպական տարածաշրջանում դեպքերի ժամանակավոր անկում է նկատվել 2019-2021 թվականներին, սակայն 2021-2023թթ. ընթացքում այն սկսել է ավելանալ։ Առնվազն 223 միլիոն մարդ, որը կազմում է Եվրոպայի ընդհանուր բնակչության 30%-ը, ապրում են հիվանդացության բարձր մակարդակ ունեցող տարածքներում:
Կարևոր է նշել, որ Լայմի հիվանդության դեպքեր պարբերաբար արձանագրվում են նաև Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում, ինչը վերջին տարիներին նույնպես ակտիվացել է: Վերջին 5 տարիների դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանում 2021-2025թթ. ընթացքում արձանագրվել է բորելիոզի 90 դեպք, այդ թվում` 2025թ.` 9 դեպք, 2024թ.` 27 դեպք, 2023թ.` 31 դեպք, 2022թ.` 21 դեպք, 2021թ.`2 դեպք: Համաձայն տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծության` դեպքերի 43%-ը եղել են մինչև 18 տարեկանների շրջանում: Կատարվել է նաև տարածաշրջանային վերլուծություն, արդյունքում պարզվել է, որ դեպքերի գերակշռող մասը` 81% (73 դեպք), եղել են քաղաքաբնակների շրջանում և ընդամենը 19%-ն (17 դեպք) են եղել գյուղաբնակներ:
Լայմի հիվանդությունը հարուցվում է բորելիա բակտերիայով, որը փոխանցվում է իքսոդես ցեղի տզերով: Հիվանդության գաղտնի շրջանը՝ 3-32 օր է։ Հարկավոր է իմանալ, որ վարակի ամենահաճախ հանդիպող նշանը մեծացող մակերեսով մաշկի օղակաձև կարմրությունն է, որն առաջանում է տզի խայթոցի հատվածում՝ խայթելուց հետո մոտ 1 շաբաթ անց։ Այլ վաղ հանդիպող ախտանշաններից են տենդը, գլխացավը և հոգնածությունը։ Չբուժվելու դեպքում կարող են դիտվել հոդացավեր և նյարդաբանական ախտահարումներ՝ դեմքի մեկ կամ երկու կեսերի շարժման անհնարինություն, պարանոցային կարկամությամբ ծանր գլխացավեր, սրտխփոց և այլն: Ամիսներ և տարիներ անց կարող են դիտվել հոդացավերի և հոդերի այտուցի կրկնվող դրվագներ։ Հիվանդությունից հետո 10-20% դեպքերում հոդացավերը, հիշողության խնդիրները և հոգնածությունը երկարատև պահպանվում են: Հիվանդության ներկայիս վաղ ախտորոշման մեթոդները չունեն բարձր սպեցիֆիկություն՝ հիվանդների մեծ մասը տեղափոխվում է մի բժիշկից մյուսը, հայտնվում անգամ հոգեբուժարանում:
Բացահայտվել է նաև, որ հղիության ընթացքում Լայմի հիվանդությունը չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել մորից պտղին փոխանցման:
Վարակման մեծ ռիսկ ունեն 3-ից 14 տարեկան երեխաները` դրսում ավելի ակտիվ լինելու պատճառով և 50 տարեկանից բարձր անձինք` այգեգործությամբ, որոսորդությամբ, արշավներով հաճախ զբաղվելու պատճառով: Մարդիկ վարակման բարձր ռիսկ են ունենում բնության գրկում ժամանակ անցկացնելիս, հատկապես՝ խոտածածկ, թփուտավոր կամ անտառապատ տարածքներում:
Հիվանդության տարածվածության մակարդակի զգալի բարձրացումը կախված է վերջին տարիներին կլիմայական փոփոխություններով պայմանավորված տզերի քանակի ավելացմամբ և փոխանցման սեզոնի ընդլայնմամբ:
Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս, այնուհետև փոխանցում մարդկանց արյունով սնվեու ընթացքում: Տզի խայթոցը սովորաբար ցավոտ չէ, ինչը պայմանավորված է նրա թքի կենսաքիմիական բաղադրությամբ։ Այն պարունակում է տեղային անզգայացնող նյութեր, որոնք արգելափակում են ցավային ազդակները, հակամակարդիչներ, որոնք կանխում են արյան մակարդումը սնուցման հատվածում և իմունոսուպրեսիվ միացություններ, որոնք ճնշում են օրգանիզմի տեղային բորբոքային արձագանքը։
Այս գործոնների շնորհիվ մակաբույծը կարող է ժամեր շարունակ աննկատ մնալ մաշկի վրա՝ իրականացնելով բակտերիալ ներարկումը: Հարուցիչներով վարակման հավանականությունը ուղիղ համեմատական է սնուցման տևողությանը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ բակտերիաները տզից տիրոջը փոխանցվելու համար անհրաժեշտ է ավելի քան 24 ժամ: Ուստի, եթե տիզը հեռացվում է խայթոցից հետո առաջին 24 ժամվա ընթացքում, վարակման ռիսկը նվազագույն է։ Վտանգը զգալիորեն մեծանում է, երբ տիզը մնում է մաշկի վրա 36-48 ժամ և ավելի։ Բացի այդ, հեռացնելիս տզի չափսերի մեծացումը (արյունով լցվածությունը) հանդիսանում է անուղղակի ցուցիչ մաշկի մեջ մնալու տևողությունը և վարակման ռիսկը գնահատելու համար։
Հայաստանում տարածված են տզերի բազմաթիվ տեսակներ: Նրանց կարելի է հանդիպել նաև քաղաքային այգիներում, անտառում, պուրակում, ճամբարներում, ամառանոցներում, խաղահրապարակներում, բակերում, լճի կամ գետի ափերին, մարգագետիններում։ Արյունով սնվելու համար տզերն առավել հաճախ կպչում են ստորին վերջույթներին, թևատակերին, ձեռքի ափերին, պարանոցին, դեմքին, կրծքավանդակին, որովայնին, մեջքին, գլխին։
Տզերի խայթոցից խուսափելու համար առաջարկվում է.
• Հավաքել բակերում ընկած տերևները, կտրել ծառերի և թփերի ճյուղերը, որպեսզի դրանք ավելի շատ արևի լույս ստանան, քանի որ արևոտ տարածքներում տզերի գտնվելու հավանականությունն ավելի ցածր է:
• Բնակավայրերում հաճախակի հնձել բարձր խոտը և սիզամարգերի եզրերը:
• Մարգագետինների և անտառապատ տարածքների միջև տեղադրել 3 ոտնաչափ լայնությամբ փայտե պատնեշներ, որպեսզի սահմանափակվի տզերի միգրացիան դեպի հանգստի գոտիներ:
• Խաղահրապարակների գույքը և տախտակամածները հեռու պահել խոտերով, թփերով գերաճած տարածքներից:
Զբոսանքի կամ բնության գրկում հանգստի գոտիներ գնալիս անհրաժեշտ է՝
• հագնել երկար թևքերով փակ հագուստ, երկար տաբատ և փակ կոշիկներ,
• օգտագործել ռեպելենտ՝ վանիչ նյութեր, ի դեպ, արևապաշտպան միջոցի դեպքում պետք է այն կիրառել նախքան տզերին վանող միջոցի օգտագործումը,
• վերադառնալուց հետո մանրակրկիտ զննել մարմինը և հագուստը, ուսապարկը՝ տզերի հայտնաբերման և հեռացման նպատակով,
• զննել նաև ընտանի կենդանիներին, քանի որ տզերը կարող են տուն մտնել նաև կենդանիների միջոցով:
Ապացուցված է, որ բնության գրկից վերադառնալուց հետո երկու ժամվա ընթացքում լոգանքի ընդունումը նվազեցնում է Լայմի հիվանդությամբ վարակվելու ռիսկը և կարող է արդյունավետ միջոց լինել տզերով փոխանցվող այլ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար:
Տզի խայթոցի դեպքում վարակի փոխանցման ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է.
խուճապի չմատնվել,
չճզմել տզին (այդ կերպ ոչնչացնել այն հնարավոր չէ),
անմիջապես հեռացնել, կամ պոկել մաշկից, քանի որ մաշկի մեջ երկար մնալուց է կախված վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցումը,
տիզը մարմնից ինքնուրույն հանելու դեպքում հնարավոր է, որ մարմինը պոկվի, իսկ գլուխը մնա մաշկի տակ, այդ դեպքում անհանգստանալու կարիք չկա, քանի որ տզի գլխիկը պարզապես խիտինային հյուսվածք է, որի մեջ հարուցիչներ չկան և դա ինքն իրեն դուրս կգա մաշկից,
մաշկը լվանալ առատ ջրով և օճառով, մշակել սպիրտով կամ այլ հականեխիչով,
հեռացված տիզը տեղադրել փակ տարայի մեջ և տեղափոխել լաբորատոր հետազոտության,
հեռացնելուց հետո խորհրդակցել վարակաբանի հետ, անհրաժեշտության դեպքում իրականացվում է հետազդակային կանխարգելում դոքսիցիկլինով, ինչն արդյունավետ է տիզը հեռացնելուց հետո 72 ժամվա ընթացքում:
Եթե տզի խայթոցից հետո 30 օրվա ընթացքում նկատվում է ցան, տենդ, թուլություն, գլխացավ, մկանացավ կամ հոդացավ, պարտադիր դիմել վարակաբանի խորհրդատվության հիվանդության վաղ փուլում բուժում իրականացնելու համար: