Արտակարգ դեպք՝ Արարատում. կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել
Իրավունք
14:46 13/06/2026
Հայաստան

Արտակարգ դեպք՝ Արարատում. կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի օտար մարմին» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն այնուհետև մեկնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում։ Մինչ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի աշխատակիցները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, արդեն նշված ԲԿ-ում հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ։

Վեդու ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Սիսակ Ա.-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 6-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում տղան իրենց տան բակում իրենց պատկանող օդաճնշիչ հրացանով բակում առկա ծառին  է կրակել, և գնդակը հետադարձ է կատարել ու դիպչել Սիսակ Ա.-ի կրծքավանդակին։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտակարգ դեպք՝ Արարատում. կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել