ՆԱՏՕ-ն պատրաստում է Եվրոպայի պաշտպանության այլընտրանքային ծրագրեր՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավոր կրճատման ֆոնին
Քաղաքական
15:16 13/06/2026
Աշխարհ

ՆԱՏՕ-ն պատրաստում է Եվրոպայի պաշտպանության այլընտրանքային ծրագրեր՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավոր կրճատման ֆոնին

ՆԱՏՕ-ում բարձր մակարդակի ռազմական քննարկումներ են ընթանում, որոնց  նպատակն է մշակել Եվրոպայի պաշտպանության այլընտրանքային պլաններ այն դեպքում, եթե տարածաշրջանը հայտնվի Ռուսաստանի հնարավոր հարձակման տակ՝ միաժամանակ, երբ Միացյալ Նահանգները վերանայում է իր ռազմական ներգրավվածությունը Եվրոպայում։ Այս մասին հայտնում է  Associated Press-ը։

Դաշինքի գործողությունների հիմքում գտնվող, այսպես կոչված «ուժերի մոդելը» նախատեսում է, որ 32 անդամ պետությունները կարող են իրենց ռազմական կարողությունները հասանելի դարձնել խաղաղության, ճգնաժամի կամ պատերազմի փուլերում՝ հատկապես առաջին վեց ամիսների ընթացքում։ Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդ համակարգը կարող է ենթարկվել էական փոփոխությունների։

ԱՄՆ Պենտագոնը, ըստ ՆԱՏՕ-ի աղբյուրների, դաշնակիցներին զգուշացրել է, որ նախատեսում է նվազեցնել իր ռազմական պարտավորությունները Եվրոպայում՝ ուշադրությունը տեղափոխելով Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և այնտեղ՝ Չինաստանից բխող սպառնալիքների վրա։ Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել ավիակիր հարվածային խմբի, սուզանավերի, կործանիչների, ծովային պարեկային ինքնաթիռների և այլ կարևոր միջոցների կրճատման մասին։

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ու Կանադան արդեն ավելի քան մեկ տարի սպասում են Վաշինգտոնի ավելի հստակ ռազմավարությանը՝ հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը ազդարարել էր, որ Եվրոպան այլևս չի դիտարկվում որպես առաջնահերթ անվտանգության ուղղություն։ Այս անորոշությունը ստիպում է դաշնակիցներին արագացնել սեփական ռազմական կարողությունների զարգացումը։

ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական հրամանատար, նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է դաշինքին տրամադրել սահմանափակ, բայց կարևոր կարողություններ։ Նրա խոսքով՝ առաջնահերթ պետք է զարգացնել արագ արտադրելի և արագ կիրառելի միջոցներ՝ հատկապես հեռահար հարվածների և անօդաչու համակարգերի ոլորտներում։

Նա ընդգծել է, որ եվրոպական երկրներն ու Կանադան պետք է արագորեն լրացնեն հնարավոր բացերը՝ տրամադրելով ինչպես անձնակազմով, այնպես էլ անօդաչու միջոցներ և ռազմածովային ուժեր։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացը պետք է իրականացվի «այժմ և մոտ ապագայում»։

Միևնույն ժամանակ, քննարկվում է նաև ՆԱՏՕ-ի առանձին առաքելությունների վերանայում։ Կոսովոյում գործող խաղաղապահ ուժերը, կրճատում են իրենց ներկայությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում հարաբերական կայունությունը, չնայած 2023-ի լարվածությունից հետո այնտեղ ժամանակավորապես ավելացվել էին լրացուցիչ ուժեր։

Ներկայումս ԱՄՆ-ի Կոսովոյում գործող խաղաղապահ ուժերի կազմում կա մոտ 590 զինծառայող՝ երկրորդ խոշոր կոնտինգենտը Իտալիայից հետո։ Բացի այդ, տարածաշրջանում տեղակայված են նաև ամերիկյան ուղղաթիռներ՝ կարևոր ռազմաբազաներից մեկում։

Քննարկումների ֆոնին ՆԱՏՕ-ում գնահատում են, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում դեռ սահմանափակում են Մոսկվայի հնարավորությունները լայնամասշտաբ նոր հարձակման համար։ Սակայն արևմտյան հետախուզական ծառայությունները շարունակում են զգուշացնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մի քանի տարվա ընթացքում վերականգնել ռազմական ներուժը և փորձել ընդլայնել ազդեցությունը Եվրոպայում, հատկապես եթե Ուկրաինայում հաջողության հասնի։

ՆԱՏՕ-ում ներկայումս փորձում են հստակեցնել, թե երբ և ինչպես կարող են ԱՄՆ հնարավոր կրճատումները փոխհատուցվել եվրոպական ուժերով, հատկապես մինչև առաջիկա բարձր մակարդակի գագաթնաժողովները, որտեղ դաշնակիցները պետք է ներկայացնեն իրենց պատրաստվածության և լրացման ծրագրերը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ դաշինքը մտնում է նոր փուլ, որտեղ արագ արձագանքման կարողությունները, անօդաչու համակարգերը և եվրոպական ինքնուրույն պաշտպանական ներուժը դառնում են առանցքային՝ ապագա հնարավոր ճգնաժամերը կանխելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՆԱՏՕ-ն պատրաստում է Եվրոպայի պաշտպանության այլընտրանքային ծրագրեր՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավոր կրճատման ֆոնին