Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի մարզիչը հայտարարել է, որ թիմին հրամայել են դուրս գալ ԱՄՆ-ից՝ Աշխարհի առաջնության բացման խաղում Նոր Զելանդիայի հետ 2-2 ոչ-ոքիից անմիջապես հետո
Աշխարհի առաջնության Իրանի հավաքականի մարզիչը հայտարարել է, որ իրենց հրահանգվել է լքել ԱՄՆ-ն և վերադառնալ Մեքսիկայում գտնվող մարզական բազա՝ երկուշաբթի երեկոյան Նոր Զելանդիայի հետ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղալուց ընդամենը մի քանի ժամ անց։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Մարզիչ Ամիր Ղալենոեինը չի նշել, թե ով է հրամայել իրանցիներին մեկնել նախատեսվածից շուտ։ Թիմը նախատեսում էր գիշերել Կալիֆոռնիայում՝ բացման խաղից հետո վերականգնման բնականոն գործընթացը առավելագույնի հասցնելու համար, սակայն խաղից հետո նրանց ասել են, որ բոլորը պետք է անմիջապես նստեն ինքնաթիռ՝ վերադառնալու 140 մղոն (225 կմ) հեռավորության վրա գտնվող Տիխուանա։
«Անկեղծ ասած՝ մենք չգիտենք, թե ինչու են մեզ հետ ուղաարկում։ Կարծում եմ՝ սա շատ տարօրինակ է։ Թվում է, թե ուրիշներն են պլանավորում մեր անելիքը։ Մեր փոխարեն որոշումները կայացվում են այլուր», - ասել է Ղալենոեին։
Նրա խոսքով՝ նախնական ծրագրով թիմը պետք է մնար ևս մեկ գիշեր՝ խաղից հետո վերականգնվելու նպատակով, սակայն ստիպված է անմիջապես վերադառնալ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում խաղացողների համար։ Մարզիչը նույնիսկ հայտարարել է, որ իր հավաքականը մրցաշարի ամենադժվար պայմաններում գտնվող թիմերից մեկն է. «Կարծում եմ՝ մեր թիմը, թերևս, ամենաճնշվածն է Աշխարհի առաջնությունում»։
Թիմի ավագ հարձակվող Մեհդի Տարեմին նույնպես քննադատել է ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Իրանի պատվիրակության մի շարք կարևոր անդամներ ԱՄՆ-ի կողմից վիզա չեն ստացել։ Նրա խոսքով՝ դա լրջորեն խոչընդոտել է նախապատրաստական աշխատանքներին։
«Մենք պետք է հենց հիմա լքենք Լոս Անջելեսը, և դա մեզ համար լավ չէ։ Կարծում եմ՝ ՖԻՖԱ-ն պետք է մեզ համար ավելին անի ։ Իրականում մեզ համար ամեն ինչ աղետի է նման», - նշել է Տարեմին։
Ղալենոեին նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում մի շարք ֆուտբոլիստներ ունեցել են մկանային խնդիրներ և ջղաձգումներ, ինչի պատճառով մարզչական շտաբը ստիպված է եղել փոխարինումներ կատարել ոչ թե տակտիկական, այլ առողջական պատճառներով։
«Խաղից առաջ ես ասել էի, որ մենք ժամանակ չենք ունեցել հարմարվելու ճանապարհորդության պատճառով։ Մեր խաղացողներից շատերը ջղաձգումներ ունեին, և այդ պատճառով մենք ստիպված էինք նրանց փոխարինել», - ասել է նա։
Չնայած դժվարություններին՝ Իրանը կարողացավ խուսափել պարտությունից Նոր Զելանդիայի դեմ խաղում։
Հանդիպումն անցկացվեց Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող «ՍոՖի» մարզադաշտում և առանձնացավ ոչ միայն խաղային լարվածությամբ, այլև քաղաքական ենթատեքստ ունեցող մթնոլորտով։ Մարզադաշտից դուրս մի քանի հարյուր իրանացի ամերիկացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանի կառավարության դեմ, մինչդեռ մարզադաշտում ներկա հազարավոր իրանցի երկրպագուներ հիմնականում աջակցում էին ազգային հավաքականին։
Տարեմին բարձր է գնահատել երկրպագուների աջակցությունը. «Խաղի ընթացքում անհավանական մթնոլորտ էր տիրում ողջ 90 րոպեների ընթացքում։ Մեզ համար ամեն ինչ տանն էր»։
Գոլի հեղինակ Մոհեբին ևս շնորհակալություն հայտնեց հանդիսականներին. «Լոս Անջելեսում ապրող իրանցիները հիանալի մթնոլորտ են ստեղծում։ Այդ տոնակատարությունը բոլոր երկրպագուների համար էր։ Պարզապես տոնակատարություն»։
Խմբային փուլի առաջին տուրից հետո Իրանը, Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան ունեն մեկական միավոր։ Իրանցիների առջև այժմ ավելի բարդ փորձություններ են սպասվում․ հաջորդ հանդիպումներում նրանք կմրցեն Բելգիայի և Եգիպտոսի հավաքականների դեմ։
Չնայած առկա խնդիրներին՝ Ղալենոեին վստահեցրել է, որ թիմը շարունակելու է պայքարել. «Մենք ավելի շատ խոչընդոտների ենք բախվում, բայց մենք թույլ չենք տա, որ դա մեզ խանգարի մեր լավագույնս խաղալուն։ Կարծում եմ՝ այսօր Աշխարհի առաջնության մինչ այժմ անցկացրած լավագույն խաղերից մեկն էր, և երկրպագուները իսկապես վայելեցին այն»։