Ջորջա Մելոնին շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Քաղաքական
15:16 16/06/2026
Հայաստան

Ջորջա Մելոնին շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին շնորհավորել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Կառավարության փոխանցմամբ, ուղերձում ասված է.

«Ցանկանում եմ Ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և ճանաչում այն խիզախությունը, որով Դուք դիմակայել եք բացառիկ բարդության մարտահրավերներին:

Իտալիան հետևում է Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին և հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: 2025 թվականին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը՝ աջակցելու վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերին՝ այն գիտակցմամբ, որ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Մեր երկրների միջև հարաբերություններն ամուր են և շարունակաբար զարգանում են: Մեզ միավորում են աշխույժ տնտեսական կապերը, երկարամյա մշակութային և հնագիտական համագործակցությունը, ինչպես նաև համագործակցության շոշափելի հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները և պաշտպանությունը: Վստահ եմ, որ Ձեր նոր մանդատը հնարավորություն կընձեռի առավել ամրապնդելու այս գործընկերությունը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջորջա Մելոնին շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով