Ֆլորիդան դատի է տվել TikTok-ին՝ անչափահասների պաշտպանության օրենքի խախտման մեղադրանքով
Իրավունք
15:22 16/06/2026
Աշխարհ

Ֆլորիդան դատի է տվել TikTok-ին՝ անչափահասների պաշտպանության օրենքի խախտման մեղադրանքով

Ֆլորիդայի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը դատական հայց է ներկայացրել TikTok-ի դեմ՝ պնդելով, որ հարթակը խախտում է նահանգի օրենքը, որը արգելում է 14 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սենթ Լյուսի շրջանի նահանգային դատարան ներկայացված հայցում նշվում է, որ TikTok-ը, թույլ է տալիս անչափահաս օգտատերերին մուտք գործել հարթակ և սխալ կերպով ներկայացնում է այն բովանդակության բնույթը, որին կարող են ենթարկվել երեխաներն ու դեռահասները։

Գլխավոր դատախազ Ութմայերը հայտարարել է, որ ընկերությունը «գիտակցաբար մոլորեցնում է ծնողներին» և երեխաներին ենթարկում վնասակար բովանդակության՝ օրենքի խախտմամբ՝ ընդգծելով, որ նահանգը «զրոյական հանդուրժողականություն ունի» նման գործելակերպի նկատմամբ։

Հայցով պահանջվում է դատարանի որոշում, որը կպարտադրի TikTok-ին համապատասխանեցնել իր քաղաքականությունը Ֆլորիդայի օրենքին, ինչպես նաև ֆինանսական փոխհատուցում։

TikTok-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ համագործակցում են գլխավոր դատախազի հետ և արդեն տեղեկացրել են 14 տարեկանից փոքր օգտատերերին հաշիվների կասեցման մասին։ Ընկերությունը պնդում է, որ շարունակում է հարթակը հարմարեցնել նահանգային պահանջներին և պատրաստ է պաշտպանել իր դիրքորոշումը։

Գործը մաս է կազմում լայնածավալ իրավական ճնշման, որի շրջանակում ԱՄՆ ավելի քան 25 նահանգների գլխավոր դատախազներ դատական հայցեր են ներկայացրել TikTok-ի դեմ՝ այն մեղադրելով երիտասարդների մոտ կախվածություն առաջացնող մեխանիզմներ կիրառելու և հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն ունենալու մեջ։

Նմանատիպ գործեր են հարուցվել նաև այլ սոցիալական հարթակների՝ այդ թվում Meta-ի և Google-ի նկատմամբ։ Մի շարք դատական գործընթացներ արդեն ընթացքի մեջ են, իսկ որոշ դեպքերում ընկերությունները հասել են հաշտության համաձայնությունների։

Ֆլորիդայի օրենքը, որի հիման վրա ներկայացվել է հայցը , պահանջում է, որ սոցիալական ցանցերը արգելեն 14 տարեկանից փոքր երեխաների գրանցումը, իսկ մինչև 16 տարեկանը՝ ծնողների համաձայնություն։ Օրենքը ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարին, սակայն դրա կիրառումը նախկինում ժամանակավորապես կասեցվել է դատարանի որոշմամբ՝ հակասահմանադրականության վերաբերյալ հարցերի պատճառով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder