Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես երեխաներին զբաղեցնել արձակուրդների ժամանակ և հաղթահարել մեղքի զգացումը
Ամառային արձակուրդները սովորաբար ներկայացվում են որպես երեխաների ամենասպասված ժամանակահատված՝ առանց դասերի, պարտականությունների և խիստ գրաֆիկի։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, սակայն շատ ընտանիքներում այդ պատկերը արագ փոխվում է՝ տեղը զիջելով առօրյա լարվածությանը և ծնողական մշտական ծանրաբեռնվածությանը։
«Մայրիկ, ես ձանձրանում եմ» արտահայտությունը դառնում է ամռան ամենահաճախ հնչող նախադասություններից մեկը։ Այս իրավիճակում ծնողները հաճախ հայտնվում են դժվար ընտրության առաջ․ ինչպես համատեղել աշխատանքը, տնային հոգսերը և երեխաների զբաղվածության ապահովումը։ Արդյունքում շատերի մոտ ձևավորվում է մշտական մեղքի զգացում՝ որ չեն կարողանում երեխաներին տալ «իդեալական ամառ», լի արկածներով, ճամփորդություններով և հետաքրքիր զբաղմունքներով։
Միևնույն ժամանակ, ըստ SuperJob-ի հարցման, ընտանիքների մի մասը ամառը անցկացնում է տանը կամ քաղաքում՝ առանց ճամփորդելու կամ ճամբարների մասնակցության։ Այս փոփոխությունը մի կողմից բնական է, մյուս կողմից՝ ընտանիքներում ստեղծում է նոր կազմակերպչական դժվարություններ։
Եթե նախկինում տատիկներն ու պապիկները հաճախ կարևոր դեր էին խաղում երեխաների ամառային խնամքի կազմակերպման մեջ, այսօր նրանք ավելի հաճախ ընտրում են սեփական կենսակերպը և անձնական ժամանակը։ Այս փոփոխությունը մի կողմից բնական է, մյուս կողմից՝ ընտանիքներում ստեղծում են նոր կազմակերպչական դժվարություններ։
Խնդրի մեկ այլ կարևոր կողմը երեխաների ինքնուրույն զբաղվելու հմտության նվազումն է։ Ժամանակակից մանկությունը հաճախ կառուցված է էկրանների, կազմակերպված խմբակների և մշտական զբաղեցման վրա։ Երեխաները սովոր են, որ իրենց օրը «լցված» է, և ազատ ժամանակի դեպքում հաճախ դժվարանում են ինքնուրույն խաղ կամ զբաղմունք գտնել։
Մասնագետների կարծիքով՝ խնդրի լուծումը ոչ թե երեխաների համար անդադար ժամանց կազմակերպելն է, ոչ էլ նրանց լիովին թողնելն է անգործության, այլ միջին ճանապարհ գտնելը։ Կարևոր է ձևավորել պարզ, կանխատեսելի օրակարգ՝ որտեղ կա և՛ տնային փոքր պարտականությունների ժամանակ, և՛ սահմանված էկրանի օգտագործում, և՛ ազատ ժամեր, որոնք երեխան կարող է օգտագործել ըստ իր նախընտրության։
Հատուկ ուշադրություն է դարձվում նաև «ձանձրույթի» ընկալմանը։ Այն հաճախ դիտվում է որպես բացասական վիճակ, սակայն իրականում կարող է դառնալ ստեղծագործության և ինքնուրույն մտածողության խթան։ Երբ երեխան ժամանակ առ ժամանակ մնում է առանց հստակ զբաղմունքի, նա աստիճանաբար սովորում է ինքնուրույն գտնել հետաքրքրություն և խաղի ձևեր։
Վերջիվերջո, ամառը պարտադիր չէ, որ լինի գերհագեցած կամ կատարյալ պլանավորված։ Ավելի կարևոր է հավասարակշռությունը՝ որտեղ երեխան ունի և՛ սահմաններ, և՛ ազատություն, իսկ ծնողը՝ հնարավորություն չդառնալու մշտական «զվարճացնող»։ Այդ հավասարակշռության մեջ է ձևավորվում ավելի հանգիստ և բնական ամառը՝ թե՛ երեխաների, թե՛ ընտանիքի համար։