Մենք դիմելու ենք ՍԴ ընտրության արդյունքները վիճարկելու համար. Արմեն Գալստյան
Քաղաքական
12:54 16/06/2026
Հայաստան

Մենք դիմելու ենք ՍԴ ընտրության արդյունքները վիճարկելու համար. Արմեն Գալստյան

«Մենք եղել ենք այն երկու կուսակցություններից մեկը, որը դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով»,– այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Գալստայնը։

Նա նշեց՝ իրենց քաղաքական ուժը Երևանի ամբողջ տարածքում և հանրապետության մի շարք այլ համայնքներում ներկայացրել էր վերահաշվարկի դիմումներ։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն նիստի սկզբում հաստատել էր միայն մեկ հարցից բաղկացած օրակարգ՝ ընտրությունների արդյունքների ամփոփումը, ուստի հետագա որոշումները պետք է կայացվեին բացառապես այդ շրջանակներում։

«Եթե օրակարգում ինչ-որ բան դու չես հաստատում, ապա այդ նիստի ընթացքում այդ օրակարգից դուրս որևէ գործողություն չես կարող անել, ուրեմն պետք է օրակարագը ճիշտ հաստատվի»,– ասաց նա՝ պնդելով, որ հանձնաժողովը չի իրականացրել լիարժեք վարչական վարույթ։

Ըստ նրա՝ դիմումների քննարկման ընթացքում չեն կազմակերպվել հարց ու պատասխաններ, հանձնաժողովի անդամները հարցեր չեն ուղղել դիմումատուներին, իսկ վերջում ընդունվել է որոշում, որը, նրա գնահատմամբ, նախատեսված չէ ընտրական օրենսգրքով։

 Նա նաև հայտարարեց, որ մանդատների բաշխման մասին հաջորդ որոշումը դուրս էր հաստատված օրակարգից և «ընթացակարգային առումով, զուտ վարչարարության առումով գոյություն չունեցող որոշում է»։

«Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, ընտրությունների արդյունքները վիճարկելու ենք և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային բոլոր հարցերը բարձրացնելու ենք»,– ընդգծեց Գալստյանը։

 Նրա խոսքով՝ իրենց նպատակը ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելն է, քանի որ, ըստ ներկայացված փաստերի, ընտրություններն անցկացվել են ոչ մրցակցային պայմաններում և քաղաքացիների կամքի վրա եղել է ապօրինի ազդեցություն։

«Հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը կդրսևորի կամք և կկայացնի այնպիսի որոշում, որը բխում է օրենքից և ներկայացված փաստերից»,– ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder