«Ժողովուրդ». ՔԿ-ն ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետածի գործով հարցաքննել է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանին
Օրվա մամուլ
08:26 17/06/2026
Հայաստան

«Ժողովուրդ». ՔԿ-ն ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետածի գործով հարցաքննել է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետած 31-ամյա Րաֆֆի Մանդալյանի դեմ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանին։

Թեև Մանդալյանի կապերը իշխող ՔՊ-ի հետ ավելի սերտ են (այս մասին՝ առաջիկայում), քան՝ ընդդիմադիր ուժերի, այնուամենայնիվ, նախաքննական մարմինը փորձել է Մանդալյանի գործողությունները կապել ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց հետ, սակայն այդպիսի կապ չի հայտնաբերել, թեև գործադրվել են բոլոր ջանքերը։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ իր աղբյուրներից, որ դատարանին միջնորդություն է ներկայացվել Ալիկ Ալեքսանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ։ Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն այս պահին կալանավորված է մեկ այլ՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։

Իրավապահներին տված ցուցմունքում Մանդալյանը նշել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։

Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակը եղել է, ինչպես ինքն է ձևակերպել, կոտրել հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների մի հատվածը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով։

Ըստ նրա՝ ԱԱԾ վարչական շենք է գնացել կանխամտածված կերպով և ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով բացառել մարդկային վնասները, միաժամանակ ապահովելով իր ուղերձի հրապարակայնությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder