Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. Դավիթ Ղազինյան
Քաղաքական
12:39 17/06/2026
Հայաստան

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. Դավիթ Ղազինյան

«Այդ գործն իշխանության վախերի մասին է»,-ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինիքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Ղազինյանը մինչ հանձնաժողովի նիստի  մեկնարկը։

Հիշեցնենք, որ ԿԸՀ ընթացող նիստում քննարկվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ղազինյանը համարում է, որ հանձնաժողովը կբավարարի միջնորդութունը, այդ ամենն ուղղված է իր քաղաքական ակտիվության ու «Ուժեղ Հայաստան»-ի դեմ։ Նա իրենց ձայն տված քաղաքացիներին հորդորում է պինդ մնալ, իրենց ընտրությանը հավատարիմ մնալ, համոզված է՝ հաղթանակ անպայման լինելու է, ունենալու ենք շատ ուժեղ Հայաստան։

Լրագրողները հետաքրքրվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունից, որտեղ ինչ-որ մեկը նշում է, թե Ղազինյան Դավոն 1.4 մլն գումար է տվել ինչ-որ Արմանի։

«Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել, ինչ վերաբերում է ձայնագրությանը, տեսնում եք, գլխավոր դերերում մաքրուհին է, չկա այդպիսի գումար, աբսուրդ է։ Ենթադրում եմ, որ ինձ կկալանավորեն, որև մեկից որևէ իրավական բան չեմ սպասում, հատկապես այս «անկախ» մարմնից»,-ասաց Ղազինյանը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

ԿԸՀ նիստն ընթանում է դռնփակ։ Նշենք, որ գլխավոր դատախազությունը  քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի վերաբերյալ։

ՀՀ երկրորդ նախագահի դեմ ներկայացված միջնորդությունների քննարկումը տեղի կունենա այսօր ժամը 15։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. Դավիթ Ղազինյան