Տատիկ-պապիկները կարող են իրենց գույքը գրավադրել ու ճամփորդել, գնալ հանգստանալու. Բաբկեն Թունյան
Հասարակություն
12:49 18/06/2026
Հայաստան

Տատիկ-պապիկները կարող են իրենց գույքը գրավադրել ու ճամփորդել, գնալ հանգստանալու. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական օրենսգրքում», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանն ասաց, որ այս նախագծերի փաթեթով առաջարկում են ներառել երկու նոր ինստիտոտ՝ հետադարձ հիփոթեք և ամուսնու բացառիկ սեփականության իրավունք։ 

Նախագծի համաձայն. «Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը վարկային խառը պայմանագիր է, որի հիման վրա բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավորվում է հետադարձ հիփոթեքի պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով պարբերական ամենամսյա վճարումների ձևով, որի օրը սահմանվում է պայմանագրում կամ պայմանագրում նշված նպատակի համար  դրամական միջոցներ տրամադրել գրավատուին Կենտրոնական բանկի սահմանած հատուկ բանկային հաշվի միջոցով, իսկ գրավատուն՝ օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքի հասած, անշարժ գույքի` բնակարանի, բնակելի տան կամ այգետնակի (ամառանոցի) սեփականատերը, պահպանելով համապատասխան գույքի նկատմամբ սեփականության և օգտագործման իր իրավունքները, իր գույքը ծանրաբեռնում է հետադարձ հիփոթեքով։

«Ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ ամուսինների համատեղ դիմումի հիման վրա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցվում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը: Ամուսնու բացառիկ սեփականություն համարվող անշարժ գույքն ամուսիններից մեկի մահվան դեպքում չի ներառվում մահացած ամուսնու ժառանգության զանգվածում և մինչեւ մյուս ամուսնու մահը շարունակում է սեփականության իրավունքով պատկանել ողջ  մնացած ամուսնուն»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի գնահատմամբ, շատ  հետաքրքիր օրենքի նախագիծ է։ 

«Շատ լավ հնարավորություն է հատկապես միայնակ ապրող տատիկ-պապիկների համար, որոնք, օրինակ, ժառագներ չունեն, եկամտի այլ աղբյուր չունեն, իրենց հնարավորություն է տալիս իրենց աշխատանքով ձեռք բերած անշարժ գույքը  ոչ թե վաճառել, այլ գրավադրել և ամսական այնքան գումար ստանալ, որ իրենց կարիքները բավարվեն՝ ճամփորդել, գնալ հանգստանալու։ 

Կարևոր կետ կա այստեղ. քանի որ այդ ամենը կատարվելու է  բանկերի միջոցով, մենք պետք է մեր թոշակառուների համար պաշտպանիչ մեխանիզմներ մտածենք, որպեսզի իրենց շահերը մաքսմալ պաշտպանված լինեն»,- ասաց նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder