Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփի վարչակազմը 765 միլիոն դոլար կվճարի ծովային քամու էլեկտրակայանների վարձակալությունը չեղարկման համար
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ 765 միլիոն դոլար կվճարի էներգետիկ նախագծեր մշակող «Invenergy» ընկերությանը՝ Նյու Յորքի, Կալիֆոռնիայի և Մենի ափերի մոտ գտնվող քամու էներգիայի չորս վարձակալական պայմանագրերը դադարեցնելու դիմաց։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընկերությունը ստացված միջոցները կուղղի Միջին Արևմուտքի հինգ նահանգներում բնական գազի էլեկտրակայանների և արևմտյան նահանգներում երկրաջերմային նախագծերի զարգացմանը։
Գործարքը վարչակազմի այն քայլերի շարքում է, որոնք նպատակ ունեն սահմանափակել քամու էներգիայի զարգացումը։ Սպիտակ տունը նման նախագծերը գնահատում է որպես թանկարժեք և անարդյունավետ՝ միաժամանակ շեշտելով վառելիքի արտադրության ընդլայնման անհրաժեշտությունը։ Այս քաղաքականությունը քննադատության է արժանացել դեմոկրատների և մաքուր էներգիայի ոլորտի ներկայացուցիչների կողմից։
Ներքին գործերի նախարար Դուգ Բուրգամը հայտարարել է, որ «Invenergy»-ի որոշումը վկայում է բազային էներգիայի կարևորության ճանաչման մասին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ յոթ նահանգներ դատական հայց են ներկայացրել վարչակազմի դեմ՝ վիճարկելով ավելի վաղ կնքված՝ «TotalEnergies» ընկերությանը մոտ 800 միլիոն դոլարի վճարման համաձայնագիրը։ Նահանգները պնդում են, որ այդ որոշման ընդունման ընթացքում չեն պահպանվել վարչական ընթացակարգերը։
Ներքին գործերի նախարարության խոսնակի հաղորդմամբ ՝ «Invenergy»-ի հետ համաձայնագիրը վերանայվել է Արդարադատության նախարարության կողմից և անցել է անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը։ Ընկերությունը չի մեկնաբանել կարգավորման օրինականության վերաբերյալ հարցերը։
Հայտարարության համաձայն՝ «Invenergy»-ն ներդրումներ կկատարի Ինդիանա, Վիսկոնսին, Այովա, Կանզաս և Միսսուրի նահանգներում բնական գազի նախագծերում։ Ընկերության՝ քամու էներգիայի վարձակալական չորս տարածքները գտնվում էին զարգացման վաղ փուլում։
Միաժամանակ, «Invenergy»-ն չի բացառել ապագայում ոլորտ վերադառնալու հնարավորությունը։ Ծովային քամու էներգիայի ոլորտը ներկայացնող «Turn Forward» կազմակերպությունը զգուշացրել է, որ նման որոշումները կարող են նվազեցնել անհրաժեշտ էլեկտրաէներգետիկ հզորությունները և խորացնել էներգամատակարարման խնդիրները ԱՄՆ հյուսիսարևելյան շրջաններում։