Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել մի քանի խմբագիրների։ Մինչ հարց ու պատասխանին անցնելը նա հանդես է եկել կարճ հայտարարությամբ խորհրդարանական ընտրությունների ու իր անելիքների վերաբերյալ.
«Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, ամենաբարոյական կողմից անբարոյական կազմակերպված ընտրությունները, և մեր ժողովուրդը հերթական անգամ, ինձ թվում է, կարելի է ասել՝ դեռ ժամանակավոր, բայց կրեց պարտություն, քանի որ այս իշխանավորներն աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետք է կազմակերպեն ընտրությունները։ Ամբողջությամբ տապալեցին նախընտրական պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին ընտրության օրը կազմակերպված պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին հաշվարկը։ Բոլորս տեսանք, որ առաջին անգամ աշխարհում կանգնեցրեցին հաշվարկը այն էլ մի քանի ժամով։ Դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկն ամբողջությամբ արել են իրենց օգտին։
Դրա համար ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, հիմա շատ կարևոր է մեր երկրի ու ժողովրդի համար այս համախմբումը։
Ինձ թվում է, այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ՝ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդի համար բացահայտենք՝ հասկանալով, ո՞րն է ճիշտը, գնանք այդ քայլերով։
Մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ տարբեր կարծիքներ կան մանդատները վերցնել-չվերցնելու մասին, դրա համար մենք ուզում ենք բաց-թափանցիկ շփվենք մեր ժողովրդի հետ, բացատրենք մեր ժողովրդին վերցնելու մինուսներն էլ, պլյուսներն էլ, հասկանանք, վերցնելո՞վ ենք մենք կարողանում շուտ հեռացնել Փաշինյանին իր պաշտոնից, թե՞ չվերցնելով։ Մենք՝ որպես «Ուժեղ Հայաստան» դաշինք, պատրաստ ենք երկուսին էլ։ Բայց պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր Սահմանադրությունը։ Մենք այնպիսի վտանգավոր ջրբաժանի առաջ ենք կանգնած՝ կունենա՞նք հաջորդ հնգամյակում Հայաստան, ես նույնիսկ չեմ ասում ուժեղ Հայաստան, ընդհանրապես Հայաստան, թե՞ կունենանք Ադրբեջանի մարզ՝ Ադրբեջանի մարզպետով, ինչը հիմա ունենք։ Դրա համար մենք հրավիրում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, միասին պայքարենք այս ժամանակահատվածում ու միասին տանենք հաղթանակ։
Ես վստահ եմ, հաղթանակը հեռու չէ, հաղթանակը շատ մոտ է, դրա համար մենք պետք է անենք ճիշտ քայլեր։ Ես առաջարկում եմ՝ դիմենք ԱՄՆ ղեկավարությանը, Եվրոպայի կարևոր պետությունների ղեկավարներին, Ռուսաստանի, Չինաստանի ղեկավարներին, հուսով եմ՝ այս երկրներից կունենանք արձագանք։ Մենք հրավիրելու ենք մեր խորհրդին այդ երկրների դեսպաններին, միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի նրանք լսեն մեր մտահոգությունները։
Շուտով մենք միասին, բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ՝ կոչենք ուժեղ և վստահելի հանրահավաք, քանի որ այդ դեպքում մենք կկարողանաք մեր ժողովրդի ռեալ աջակցությունը ստանալ»,-ասաց Կարապետյանը։