Վիճաբանելուց հետո 34-ամյա հովտաշենցին դիտավորյալ վրաերթի է ենթարկել 30-ամյա համագյուղացուն
Իրավունք
17:22 18/06/2026
Հայաստան

Վիճաբանելուց հետո 34-ամյա հովտաշենցին դիտավորյալ վրաերթի է ենթարկել 30-ամյա համագյուղացուն

Հունիսի 14-ի երեկոյան ժամը 7-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է հեծանիվից ընկնելու հետևանքով։  

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Արտաշատի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ Հովտաշենում գտնվող գյուղմթերքի շուկայի տարածքում տուժած երիտասարդն ու նրա համագյուղացիները վիճաբանել են միմյանց հետ, փոխադարձ հարվածներ հասցրել, և այդ ընթացքում 34-ամյա համագյուղացին, նստելով «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենան, վարել ու վրաերթի է ենթարկել 30-ամյա տուժածին և դիմել փախուստի։  
Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին 34-ամյա հովտաշենցին ներկայացել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ձերբակալվել։

Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից 8 անձ հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, նրանցից 4-ը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները պարզվում են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder