Շրի Լանկայում «դենգեի» տենդի բռնկումը հասել է վերջին տարիների ամենաբարձր մակարդակին
Առողջություն
16:45 19/06/2026
Աշխարհ

Շրի Լանկայում «դենգեի» տենդի բռնկումը հասել է վերջին տարիների ամենաբարձր մակարդակին

Շրի Լանկայում մոծակների միջոցով փոխանցվող դենգեի տենդի վերջին տարիների ամենասարսափելի բռնկումն է արձանագրվել։ Այստեղ հունվարից ի վեր գրանցվել է հիվանդության ավելի քան 44.000 դեպք և 28 մահ։ Նրանցից 5-ը երեխաներ են։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են պաշտոնյաները՝ ընդգծելով, որ իրավիճակը ծանրաբեռնել է պետական հիվանդանոցները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հիվանդության տարածումը սովորաբար ուժեղանում է մուսսոնային սեզոնի ընթացքում, սակայն չպլանավորված քաղաքաշինությունը, ինչպես նաև նոյեմբերի վերջին կղզուն հարվածած «Դիտվա» ցիկլոնի պատճառած վնասները այս տարի զգալիորեն սրել են բռնկումը, հայտնել են իշխանությունները։

Դենգեի տենդի դեմ պայքարի ազգային միավորման (NDCU) տվյալների համաձայն՝ դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ ապրիլի 5,651-ից հասնելով հունիսի առաջին երկու շաբաթներին 10,638-ի։

«Մենք նկատեցինք այս աճը ցիկլոնից հետո», - ասել է համայնքային բժիշկ-խորհրդատու և NDCU-ի խոսնակ դոկտոր Պրաշիլա Սամարավիրան՝ հավելելով․ «Մեր միջավայրում շատ աղբ կար, ուստի մենք նկատեցինք մոծակների բազմացման բազմաթիվ վայրեր, և մեր միջատաբանական ցուցանիշները բարձր էին այդ ժամանակվանից ի վեր»։

Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում գրանցված 51,000 դեպքերից հետո վարակների մակարդակը կտրուկ աճել է, և կանխատեսվում է, որ դեպքերի թիվը կարող է աճել ևս առնվազն երկու շաբաթ՝ նախքան նվազման միտում ցույց տալը։

Աճը կարող է լուրջ ծանրաբեռնվածության տակ դնել առողջապահական համակարգը։ Շրի Լանկայի առողջապահության նախարար Նալինդա Ջայատիսա հինգշաբթի օրը զգուշացրել է, որ հիվանդների թվի հետագա աճը կարող է լրջորեն ծանրաբեռնել պետական հիվանդանոցները։

Դեպքերի կեսից ավելին գրանցվել է երկրի արևմտյան շրջանում, այդ թվում՝ 9,429 դեպք՝ առևտրային մայրաքաղաք Կոլոմբոում։ Տարեսկզբից ի վեր ևս ութ շրջաններ հայտնել են ավելի քան 2,000 հիվանդի մասին։

Իշխանությունները զգուշացրել են, որ այս տարվա վարակների թիվը կարող է մոտենալ 2019 թվականի խոշոր բռնկման մակարդակին, երբ երկրում գրանցվել էր ավելի քան 105,000 դեպք։

Այս պահին դպրոցներում, տներում, շինհրապարակներում և հանրային շենքերում իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ առողջապահական մարմինների և պետական պաշտոնյաների կողմից մեկնարկած հատուկ ծրագրի շրջանակում, որը կտևի մինչև հաջորդ երկուշաբթի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder