Անգլիայում գնացքների բախման հետևանքով վարորդը մահացել է, 33 ուղևոր՝ ծանր վիրավորվել
Հասարակություն
14:25 20/06/2026
Աշխարհ

Անգլիայում գնացքների բախման հետևանքով վարորդը մահացել է, 33 ուղևոր՝ ծանր վիրավորվել

Մեծ Բրիտանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ Լոնդոնից մոտ 90 կմ հյուսիս գտնվող Բեդֆորդի մերձակայքում հունիսի 19-ին տեղի ունեցած երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Արևելյան Անգլիայի շտապօգնության ծառայության տվյալներով՝ 11 տուժած գտնվում է ծայրահեղ  ծանր վիճակում, 22-ը ստացել են ծանր, իսկ 56-ը՝ թեթև վնասվածքներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Վթարի մասնակից են դարձել «Արևելյան Միդլենդսի երկաթուղու» (EMR) երկու գնացքներ, որոնք շարժվում էին նույն գծով դեպի Լոնդոնի Սենթ Պանկրաս կայարան։ Ուղևորների վկայությամբ՝ բախմանը նախորդել է ուժեղ հարված, որից հետո վագոններում խուճապ է սկսվել։ Ականատեսները պատմել են, որ բազմաթիվ մարդիկ ստացել էին կոտրվածքներ և այլ վնասվածքներ։

Դեպքի վայր են ժամանել ավելի քան 20 շտապօգնության մեքենա և վեց օդային շտապօգնության ուղղաթիռ։ Ամենածանր վիճակում գտնվող տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են վնասված գնացքներն ու գծերի երկայնքով տարհանվող ուղևորները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը միջադեպը բնութագրել է որպես «խիստ մտահոգիչ» և ցավակցություն հայտնել զոհվածի ընտանիքին։ Նրա խոսքով՝ արտակարգ ծառայությունները արագ և արդյունավետ արձագանք են ցուցաբերել ողբերգությանը։

Դեպքի պատճառները դեռևս պարզվում են։ Բրիտանական ճանապարհային ոստիկանությունը սկսել հետաքննություն։ Երկաթուղային վթարների հետաքննության ստորաբաժանման մասնագետները տեղում ապացույցներ են հավաքում՝ պարզելու բախման հանգամանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder