Պահպանվող տարածքների մակերեսի ավելացումը բավարար չէ, կարևոր է արդյունավետ կառավարումը․ փորձագետ
Տնտեսություն
16:27 20/06/2026
Հայաստան

Պահպանվող տարածքների մակերեսի ավելացումը բավարար չէ, կարևոր է արդյունավետ կառավարումը․ փորձագետ

  «Մենք ունենք այս պահին 13,1 % Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ), բայց թիրախ ենք դրել հասցնելու մինչև 2030 թ․-ը 20 տոկոսի։ Մի կողմից մակերեսը ավելացնելը  կարևոր է, բայց բավարար նախապայման չէ։ Կարևոր է նաև արդյունավետ կառավարումը»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Զավեն Պ․ և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս և Յակոբեան բնապահպանական կենտրոնի կենսաբազմազանության փորձագետ Արսեն Գասպարյանը՝ խոսելով ԲՀՊՏ-ների պահպանության խնդիրներից։

Նրա խոսքով,պահպանվող տարածքների մակերեսն ավելացնելը հնարավոր է մի քանի որոշումով, բայց կառավարման արդյունավետությունը արդեն այլ խնդիրներ է բերում՝ ֆինանսական, մարդկային ռեսուրսների և այլն։

«Արդյունավետ կառավարման ապահովումը, համայնքների հետ աշխատանքը և այլն կարևոր են։ Այսինքն՝ ոչ միայն մտածենք ԲՀՊՏ-ների ստեղծման մասին, այլ նաև՝ արդյունավետ կառավարման»,- ավելացրեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ աշխարհը սահմանել է հասնել 30x30 թիրախին։ Այսինքն՝ մինչև 30 թ-ը  ամբողջ աշխարհում պահպանվող տարածքների մակերեսը պետք է հասցնել ողջ մոլորակի մինչև 30 տոկոսին։ Հայաստանը թիրախ է սահմանել ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը մինչև 2030 թվականը։

Արսեն Գասպարյանի համոզմամբ՝ պետք է ստեղծել ԲՀՊՏ-ների կառավարման ավելի ճկուն համակարգ, որտեղ և՛ մասնավորը, և՛ համայնքները, և՛   քաղհասարակությունը, տարբեր գիտական կառույցներ ներգրաված կլինեն պահպանվող տարածքների կառավարմանը և պահպանությանը։ Անդրադառնալով այն հարցին, որ նախատեսվում է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) դասակարգմամբ 5-րդ՝ «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի ներդրում Հայաստանում, ի՞նչ խնդիր կարող է լուծել այս փոփոխությունը, Գասպարյանը մանրամասնեց․  ««Պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի ավելացման խնդիրը առաջացել է նրանից,որ օրինակ՝ Երևանում տեղական ինքնակառավարման  մարմինները  ցանկություն ունեն բնության հատուկ պահպանվող տարածքներ ստեղծել։ Մինչ այդ օրենքը ավելի սահմանափակ էր, հատկապես այնպիսի պահպանվող տարածքներ, որտեղ կա և՛ տնտեսական գործունեություն, և՛ ռեկրացիոն բնույթի գործունեություն։Կարող ենք ասել՝  «Պահպանվող լանդշաֆտ» կատեգորիան   ավելի ճկունություն է տալիս։ Այժմ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պահպանվող լանդշաֆտ ստեղծել  Հրազդանի կիրճի տարածքում։ Նման այլ նախաձեռնություններ կլինեն, կատեգորիայի ներդրումը հնարավորություն կտա համայնքներին ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածքներ՝  իրենց իսկ հողերի վրա։  Այսինքն՝  համայնքային այն  լանդշաֆտներում, որտեղ տարբեր տեսակի գործունեություն կա և ավելի խիստ ռեժիմները չեն կարող օգտագործվե, սյս դեպքում 5-րդ կատեգորիան հնարավորություն է տալիս ստեղծել պահպանվող տարածքներ համայնքային հողերում ՝ միաժամանակ իրականացնելով և՛ պահպանություն և ապահովելով նաև այլ տեսակի գործունեություն»։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին։

Նշված օրենքում ավելացել է նաև  կենսոլորտային տարածքների ստեղծման, զարգացմանն ու պահպանմանը միտված դրույթներ։

«Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այսպես ասած, մոդելն է՝ մարդ-բնություն համակեցության ստեղծման տեսանկյունից։ Այն դասական պահպանվող տարածքների մոդել չէ։ Դրանում ներառված են պահպանվող տարածքը և դրա շուրջ գտնվող համայնքները՝ թե՛ պահպանության, թե՛ օգտագործման մոդելի ստեղծման ներքո։  Օրինակ՝ Դիլիջանի պահպանվող տարածքի հարակից համայնքներում տարբեր գոտիավորում է, որտեղ արդեն սկսվում է խթանվել ավելի կայուն կենսակերպը, այսինքն՝ գործունեություն, որն ավելի լինի միտված  բնությունը չվնասելուն, այլ օգտվելուն» ։

Փորձագետի միակ մտահոգությունն այն , որ կառուցապատման խոշոր նախագծեր չսկսեն պահպանվող տարածքներում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder