ԻՀՊԿ-ն կարող է դառնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրի գլխավոր շահառուն
Քաղաքական
12:14 20/06/2026
Հայաստան

ԻՀՊԿ-ն կարող է դառնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրի գլխավոր շահառուն

Վաշինգտոնի և Թեհրանի միջև պատերազմն ավարտելու շուրջ քննարկվող համաձայնագրի հնարավոր տնտեսական արդյունքները կարող են անսպասելիորեն ուժեղացնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), որը ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Իրանական բարձրաստիճան աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցների մեղմացումից, նավթի արտահանման վերականգնումից և օտարերկրյա ներդրումների ներհոսքից ստացվող հիմնական օգուտներից մեկը կարող է բաժին հասնել հենց ԻՀՊԿ-ին, որը վերջին տասնամյակներում ստեղծել է հզոր տնտեսական կայսրություն՝ ընդգրկելով նավթային, շինարարական, նավագնացության, հեռահաղորդակցության և այլ ռազմավարական ոլորտներ։

Աղբյուրների գնահատմամբ՝ ԻՀՊԿ-ն ներկայում գտնվում է առավել շահավետ դիրքում՝ օգտվելու ցանկացած տնտեսական ապաակտիվացումից։  Կազմակերպությունը ոչ միայն ամուր կապեր ունի Իրանի տնտեսության առանցքային ճյուղերի հետ, այլև երկար տարիներ զբաղվել է պատժամիջոցների շրջանցման մեխանիզմների կազմակերպմամբ։ Փորձագետների կարծիքով՝ հենց այս հանգամանքը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի նկատմամբ սահմանափակումների ամբողջական վերացման գործընթացում, քանի որ միջազգային ներդրողները ստիպված կլինեն համագործակցել այնպիսի կառույցների հետ, որոնք այս կամ այն կերպ կապված են ԻՀՊԿ-ի հետ։

Այս շաբաթ հայտարարված միջանկյալ համաձայնագիրը նախատեսում է որոշ արտոնություններ նավթի վաճառքի ոլորտում, իսկ ավելի լայն համաձայնության դեպքում Իրանը կարող է ստանալ հասանելիություն մինչև 300 միլիարդ դոլարի վերակառուցման միջոցների։ Սակայն վերլուծաբանները նշում են, որ երկրի ներդրումային օրենսդրության պատճառով օտարերկրյա ընկերությունները հաճախ ստիպված են աշխատել տեղական գործընկերների հետ, որոնցից շատերը կապված են ԻՀՊԿ-ի տնտեսական ցանցերի հետ։ Այդ պատճառով արևմտյան ընկերությունները կարող են բախվել իրավական և պատժամիջոցային ռիսկերի նույնիսկ այն դեպքում, եթե տնտեսական սահմանափակումների մի մասը վերացվի։

ԻՀՊԿ-ի ազդեցությունը հատկապես մեծ է նավթային ոլորտում, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերում, որոնք վերահսկվում են նրա հետ առնչվող բազմաթիվ կազմակերպությունների միջոցով։ Եթե պատժամիջոցները մասամբ պահպանվեն, կորպուսը, ըստ իրանական աղբյուրների, միևնույն է կշարունակի օգտվել իր տարիների փորձից և տնտեսության վրա ունեցած վերահսկողությունից՝ պահպանելով իր առանցքային դերը երկրի տնտեսական կյանքում։ Այսպիսով, Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագիրը կարող է ոչ միայն նպաստել տարածաշրջանային լարվածության նվազեցմանը, այլև ուժեղացնել Իրանի ամենաազդեցիկ ռազմական և տնտեսական կառույցներից մեկի դիրքերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder