Էբոլայի բռնկման հետևանքով Կոնգոյում վարակվել է 75 բժիշկ, 17-ը ՝ մահացել
Առողջություն
11:43 20/06/2026
Աշխարհ

Էբոլայի բռնկման հետևանքով Կոնգոյում վարակվել է 75 բժիշկ, 17-ը ՝ մահացել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարձրաստիճան պաշտոնյան ուրբաթ օրը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի ներկայիս բռնկման սկսվելուց ի վեր վարակվել է 75 բժիշկ, որոնցից 17-ը մահացել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մասնագետների գնահատմամբ՝ Էբոլան շրջանառվում էր ամիսներ առաջ, նախքան Կոնգոյի պաշտոնյաների կողմից մայիսի 15-ին բռնկման մասին առաջին պաշտոնական հայտարարությունը։ Սա նշանակում է, որ բազմաթիվ բժիշկներ հիվանդությամբ վարակվել են դեռևս այն ժամանակ, երբ դրա առկայության մասին տեղեկություն չկար։

Նույնիսկ այժմ առողջապահության ոլորտի պատասխանատուները նշում են, որ բուժաշխատողների պաշտպանության համար անհրաժեշտ հիմնական միջոցների՝ ձեռնոցների, դիմակների և այլ պարագաների պաշարները շարունակում են անբավարար մնալ։

«Դա իսկապես բարձր գին է, որը վճարում է առողջապահական համակարգը, քանի որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մենք բավարար քանակությամբ առողջապահական աշխատողներ չունենք»,-տեսակապով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների տնօրեն Մարի Ռոզելին Բելիզերը։

ԱՀԿ տվյալների համաձայն՝ Կոնգոն աշխարհում առողջապահական աշխատողների ամենացածր խտություն ունեցող երկրներից մեկն է. այստեղ յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է ընկնում ընդամենը մոտ 11 բուժաշխատող։

Բելիզերը հայտնել է նաև, որ Չինաստանն ու Ուգանդան բժշկական խմբեր են ուղարկել երկիր՝ բռնկման դեմ պայքարին աջակցելու նպատակով։ Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն հոգեբանական աջակցություն է տրամադրում նաև այն բժիշկներին, որոնք վախենում են հիվանդներին բուժելուց՝ տեսնելով, թե ինչպես են իրենց գործընկերներից շատերը վարակվում և մահանում։

«Երբ նրանք պատմում են, թե ինչպես են ապրում, ինչպես են վարակվել, դա կարող է կոտրել մարդու սիրտը»,-նշել է Բելիզերը։

Էբոլայի բռնկումը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Կոնգոյի առողջապահական համակարգի համար, որը պայքարում է թե՛ մասնագետների պակասի, թե՛ անհրաժեշտ պաշտպանական միջոցների սղության պայմաններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder