Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը
Հունիսի 22-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Պետր Սիխը։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ հունիսի 18-ին Ադրբեջանի դեմ կայացրած որոշման կապակցությամբ՝ այն որակելով անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի դրույթներին հակասող։
Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ 2016 թվականի հունիսի 16-ին «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշմամբ արձանագրվել էր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների փաստացի օկուպացիան, ինչպես նաև Հայաստանի ուղղակի ռազմական և ֆինանսական աջակցությամբ գործող օկուպացիոն ռեժիմի գոյությունը։
Միևնույն ժամանակ, ըստ Բաքվի, ՄԻԵԴ-ի վերջին որոշման մեջ այդ տարածքների՝ որպես անկախ միավոր՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը հակասում է միջազգային իրավունքին և դատարանի ընթացակարգերին։
Ադրբեջանական կողմը նաև առարկել է դատարանի որոշման մեջ այնպիսի ձևակերպումների կիրառման դեմ, որոնք, ըստ Բաքվի, հակասում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մասնավորապես, նշվել է «Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև շփման գիծ», ինչպես նաև նախկին չճանաչված կառույցի բանակի, իշխանությունների, գլխավոր դատախազի և օմբուդսմանի մասին հիշատակումների ներառումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման ձևակերպումները դիտարկում է որպես նախկին անօրինական անջատողական ռեժիմը լեգիտիմացնելու փորձ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանը կտրականապես մերժում է ՄԻԵԴ-ի այդ որոշումը և կքննարկի իր օրինական շահերի պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր։