Ակցիզային հարկի բարձրացումը լրացուցիչ բեռ է հատկապես ծանր օրեր ապրող գյուղատնտեսության ու քաղաքացիների համար. Սուրեն Պարսյան
Տնտեսություն
16:42 22/06/2026
Հայաստան

Ակցիզային հարկի բարձրացումը լրացուցիչ բեռ է հատկապես ծանր օրեր ապրող գյուղատնտեսության ու քաղաքացիների համար. Սուրեն Պարսյան

Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում է բարձրացնել ալկոհոլային խմիչքի, ծխախոտի, դիզելային վառելիքի և բենզինի ակցիզային հարկը։ Էկոնոմիկայի նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում պատճառաբանեց, որ  մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որն ավարտվում է 2026 թ-ի դեկտեմբերի 31-ին։ «Մենք պետք է ներկայացնենք նոր պլան, որը կվերաբերի 2027 թ-ի հունվարի 1-ի համար։ Հիմանակն մասով ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են ընդամենը գնաճի ճշգրտումներին։ Մենք հիմնական ապրանքների մասով ճշգրտել ենք՝ 3 %-ով բարձրանում է, ոչ մի փոփոխություն չի լինում, ավելին որոշ ապրանքների մասով ունենք նվազում, օրինակ մրգային օղիների մասով, Կոնյակի մասով»։ Իսկ հարկի բարձրացումն ինչպես կազդի տնտեսության և ՀՀ քաղաքացիների ապրելակերպի վրա, որոնց 40%-ից ավելին, ըստ ՎԿ տվյալների, աղքատության վերին շեմից ներքև է ապրում։ Վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ, ՀՊՏՀ դասախոս Սուրեն Պարսյանին։

Ս.Պարսյան -Ակցիզային հարկերի բարձրացումը երկակի ազդեցություն ունի։ Մի կողմից՝ պետությունը փորձում է ավելացնել բյուջետային եկամուտները և որոշ ապրանքների դեպքում սահմանափակել դրանց սպառումը։ Մյուս կողմից՝ այդ որոշումը անմիջական ազդեցություն է ունենում գների վրա և լրացուցիչ բեռ է ստեղծում քաղաքացիների ու տնտեսավարողների համար։

Panorama.am –Այս քաղաքականությունն ունի՞ դրական կողմեր, ինչպես ֆինանսների նախարարն է պնդում։

Ս.Պարսյան – Նախ՝ պետական բյուջեն ստանում է լրացուցիչ եկամուտներ, որոնք տեսականորեն կարող են ուղղվել սոցիալական, կրթական կամ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Բացի այդ, ծխախոտի և ալկոհոլի դեպքում ավելի բարձր գները կարող են որոշ չափով նվազեցնել սպառումը, հատկապես երիտասարդների շրջանում, ինչը դրական ազդեցություն կունենա հանրային առողջության վրա։

Panorama.am-Իսկ որո՞նք են բացասական հետևանքները։

Ս.Պարսյան– Ամենազգայուն հարցը վառելիքի ակցիզային հարկն է։ Դիզելի և բենզինի թանկացումը բարձրացնում է տրանսպորտային ծախսերը, իսկ դա իր հերթին ազդում է գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների գների վրա։ Արդյունքում կարող ենք ունենալ լրացուցիչ գնաճային ճնշումներ։

Panorama.am-Ինչպե՞ս կազդի այս փոփոխությունը սովորական քաղաքացիների վրա։

Ս.Պարսյան–Քանի որ ակցիզային հարկը անուղղակի հարկ է, այն վճարում են բոլոր սպառողները՝ անկախ եկամտի մակարդակից։ Սակայն դրա ազդեցությունն ավելի ծանր է ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, քանի որ նրանց բյուջեում առաջին անհրաժեշտության ծախսերն ավելի մեծ կշիռ ունեն։

Panorama.am-Ի՞նչ ազդեցություն կունենա բիզնեսի վրա։

Ս.Պարսյան – Առավել զգալի ազդեցություն կզգան այն ոլորտները, որոնք մեծապես կախված են վառելիքից՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, բեռնափոխադրումները և արտադրությունը։ Ծախսերի աճը կարող է հանգեցնել ինչպես ապրանքների թանկացման, այնպես էլ որոշ ընկերությունների մրցունակության նվազման։

Panorama.am-Կա՞ արդյոք ստվերային տնտեսության աճի վտանգ։

Ս.Պարսյան– Այո, եթե հարկային բեռը չափազանց արագ և կտրուկ աճի, ապա կարող են մեծանալ մաքսանենգության և անօրինական շրջանառության ռիսկերը, հատկապես ծխախոտի և ալկոհոլի շուկաներում։ Այդ պատճառով հարկային քաղաքականությունը պետք է ուղեկցվի արդյունավետ վերահսկողությամբ։

Panorama.am-Ձեր ընդհանուր գնահատականը ո՞րն է։

Ս.Պարսյան–Ակցիզային հարկերի բարձրացումը կարող է ապահովել լրացուցիչ բյուջետային եկամուտներ և որոշ դեպքերում լուծել հանրային առողջության խնդիրներ։ Սակայն վառելիքի մասով այն պարունակում է գնաճային ռիսկեր և լրացուցիչ բեռ է ստեղծում տնտեսության, հատկապես ծանր օրեր ապրող գյուղատնտեսության ու քաղաքացիների համար։ Հետևաբար, կարևոր է պահպանել հավասարակշռությունը, որպեսզի բյուջետային շահը չվերածվի տնտեսական և սոցիալական խնդիրների խորացման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder