Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Առողջություն
17:44 22/06/2026
Հայաստան

Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից

Տարիքի հետ մարդու օրգանիզմում, այդ թվում՝ հիշողության համակարգում, որոշակի փոփոխություններն օրինաչափ են: Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ դեմենցիան ծերացման բնականոն ընթացք չէ: Այն գլխուղեղի վնասման հետևանքով առաջացող ախտանիշների համախումբ է, որն էականորեն խաթարում է մարդու կենսագործունեությունը:

ՀՀ առողջապահության նախարարությունից նշում են, որ հիվանդության վաղ հայտնաբերման համար կարևոր է ճանաչել տարիքային սովորական փոփոխությունների և դեմենցիայի ախտանշանների հիմնական տարբերությունները.

Տարիքային բնականոն փոփոխություններ

Մարդը երբեմն կարող է մոռանալ, թե ուր է դրել կենցաղային իրերը (օրինակ՝ բանալիները):

Դժվարանում է անմիջապես մտաբերել որևէ բառ, սակայն հիշում է այն որոշ ժամանակ անց:

Կարող է մոռանալ հեռու ծանոթի անունը կամ վերջին շրջանի աննշան դեպքերը: Այս փոփոխությունները չեն խաթարում մարդու ինքնուրույնությունը և առօրյա կյանքը:

Դեմենցիայի հնարավոր ախտանշաններ

Հիշողության զգալի կորուստ՝ մտերիմների անունները կամ սեփական կյանքի կարևոր, անցյալի հուշերը մոռանալը:

Խոսքի խանգարումներ՝ սովորական առարկաներն անվանելու համար անսովոր կամ սխալ բառերի օգտագործում:

Կողմնորոշման կորուստ՝ նույնիսկ ծանոթ թաղամասերում կամ վայրերում մոլորվելը:

Տեսողական և տարածական ընկալման խնդիրներ՝ առարկաների ճանաչման կամ հեռավորության գնահատման բարդություններ:

Կենցաղային անկարողություն՝ տարրական գործողությունները (օրինակ՝ խանութում դրամական հաշվարկներ կատարելը) ինքնուրույն ավարտին հասցնելու դժվարությունը:

Ինչո՞ւ է սա կարևոր իմանալ

Հիվանդության սկզբնական փուլում ախտանիշները կարող են լինել թույլ արտահայտված՝ դրսևորվելով որպես թեթև ճանաչողական խանգարում։ Այս պատճառով, անձն ինքը հաճախ կարող է չգիտակցել կատարվող փոփոխությունները, և շրջապատի ու հարազատների ուշադրությունն ու արձագանքն այստեղ վճռորոշ դեր ունեն:

Վաղ և ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է տալիս դանդաղեցնել հիվանդության առաջընթացը, մեղմել ախտանիշները և ժամանակին պլանավորել անհրաժեշտ խնամքն ու բժշկական աջակցությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder