Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի առաջին համերգաշարը հատել է եզրագիծը
Մշակույթ
22:39 22/06/2026
Հայաստան

Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի առաջին համերգաշարը հատել է եզրագիծը

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացող Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի շրջանակներում հունիսի 20-ին կայացավ փառատոնի առաջին /գարնանային/ համերգաշարի եզրափակիչ համերգը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի /կամերային կազմ/ կատարմամբ և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչեցին միության անդամ կոմպոզիտորներ Արփինե Կալինինայի, Կարեն Անանյանի, Աշոտ Ղազարյանի, Մարտին Ուլիխանյանի և Միքայիլ Կոկժաևի նվագախմբային ստեղծագործությունները: Հատկանշական է, որ ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները Հայաստանում հնչում էին առաջին անգամ, որոնցից երեք ստեղծագործության դեպքում նույնիսկ համաշխարհային պրեմիերա էր: Որպես մենակատար, ելույթ ունեցան Սոֆյա Սայադյանը, Վիկտորյա Ուլիխանյանը և Կարեն Անանյանը:

Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր ապրիլի 29-ին՝ «Կամերային երաժշտության պրեմիերաներ» խորագիրը կրող համերգով, որից հետո փառատոնը շարունակվել էր Վանաձոր քաղաքում. տեղի կամերային նվագախմբի կատարմամբ, բացի արդեն իսկ դասական դարձած հեղինակների՝ Առնո Բաբաջանյանի,Էդվարդ Միրզոյանի, Գրիգոր Հախինյանի ստեղծագործությունների կողքին մարզային ունկնդրին է ներկայացվել ժամանակակից հայ հեղինակների՝ Վահե Հայրապետյանի, Սիմոն Սարգսյանի, Աշոտ Արիյանի նվագախմբային նոր գործերը: Փառատոնի երրորդ համերգը տեղի է ունեցել Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում, որի շրջանակներում անվանի երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի կատարմամբ հնչել է երգեհոնային երաժշտություն: Փառատոնի չորրորդ համերգը, որը դարձյալ տեղի է ունեցել ՀԿՄ համերգասրահում, նվիրված է եղել պատանիների համար գրված խմբերգային երաժշտությանը: «Սարյան» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և խմբավար Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ ունկնդրին է ներկայացրել հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային երաժշտություն:

Հատկանշական է, որ բոլոր համերգներին էլ տեղի են ունեցել նոր գործերի պրեմիերաներ, ինչը ևս մեկ անգամ կարևորում է Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի դերն ու նշանակությունը հայ կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում, քանի որ լինելով միակ լայն հարթակը, որտեղ ներկայացվում է հայ կոմպոզիտորական դպրոցն իր լայն գունապնակով, այստեղ հրաշալի առիթ է ստեղծվում արդեն իսկ ժամանակի բովով անցած գործերի կողքին հանրայնացնելու և ունկնդրին ներկայացնելու նոր ստեղծագործություններ, ինչու ոչ, նաև խրախուսելու հայ հեղինակներին շարունակելու ստեղծագործել:

Հավելենք, որ աշնանային համերգաշարի շրջանակներում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder