Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ պահանջելով ընտրությունների արդյունքի վիճարկման գործով քննությունից հեռացնել Սեդա Սաֆարյանին
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան՝ պահանջելով ընտրությունների արդյունքների վիճարկման գործով քննությունից հեռացնել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին։
«Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Արման Բաբաջանյանը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ նույնպես ՍԴ դիմում է ներկայացրել»,- Panorama.am-ին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք՝ ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն, ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշումների, նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»։
Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու համար ՍԴ դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։ Սահմանադրական դատարանը բոլոր դիմումները միավորել է և քննելու է դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է։