Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին քաղաքական ուժերի դիմումների միավորման գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին կայացված է ՍԴ աշխատակարգային որոշում։
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին 7 քաղաքական ուժերի կողմից դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք հիմնականում պահանջում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչել, վերաքվեարկություն նշանակել։ Սահմանադրական դատարանը բոլոր դիմումները միավորել է և քննելու է դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է։
ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն, ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշումների, նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»։ Նրանց՝ գործի քննությանը չմասնակցելու վերաբերյալ դիմում էին ներկայացրել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու համար դիմած քաղաքական ուժերը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2019 թվականից եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր էր, 2026 թվականի մարտի 25-ին Հայաստանի նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
Արտակ Զեյնալյանը Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, 2025 թվականի հունիսի 19-ին Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։