Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խորհուրդ եմ տալիս օգտագործել VPN, ես կհրաժարվեմ նաև հեռախոսահամարից. փորձագետը՝ «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի գործարքի մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը խորհուրդ է տալիս Հայաստանում ինտերնետ օգտվողներին օգտվել VPN-ով (Virtual private network - վիրտուալ մասնավոր ցանց)։
«Հայաստանում ինտերնետից բոլոր օգտվողներին ես խորհուրդ կտամ VPN-ով օգտվել, քանի որ առանց VPN չկա երաշխիք, որ ձեր համացանցով փոխացվող տվյալները չեն հայտնվի երրորդ անձանց մոտ՝ լինի Հայաստանի իշխանությունների, պրովայդերների կամ երրորդ կողմերի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև ստորագրված երկկողմ համաձայնագրին, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։
Նա նաև նշեց, որ «Բիլայնից» (վերանվանվել է Team Telecom Armenia) պահուստային հեռախոսահամար ուներ, այժմ պատրաստվում է դրանից հրաժարվել։
Հիշեցնենք՝ երեկ «Տելեկոմ Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի բաժից հայտնել էին, որ համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», հանդիսանալով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։ Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը, անդրադառնալով այդ համաձայնագրին, նշել էր, որն այս համագործակցության շրջանակում Team Telecom-ի ենթակառուցվածքների միջոցով Ադրբեջանից Նախիջևան տրաֆիկի տարանցում է լինելու, սակայն, ոչ միայն այդ ուղղությամբ։ Տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիրը նշանակում է, որ հայկական տրաֆիկն էլ անցնելու է «Ազերտելեկոմ»-ի ենթակառուցվածքների միջով։ Նա նույնպես խորհուրդ էր տվել քաղաքական գործիչներին, լրագրողներին, ՀԿ-ների աշխատակիցներին, առանցքային ընկերությունների աշխատակիցներին, քննարկեն VPN-ի կանոնավոր օգտագործումը իրենց բոլոր սարքերում։
««ԱզերՏելեկոմը» կկարողանա ուղղորդել հայկական տրաֆիկը DPI-ի միջոցով, ինչը հնարավորություն կտա պրոֆիլավորել և վերլուծել հայ օգտատերերի վարքագիծը։ Կրկնեմ, սա ոչ թե փոխանցված տվյալներին մուտք գործելու տրամաբանության մեջ, այլ կապի մետատվյալներին մուտք գործելու։ Ֆիքսված IP հասցեներ օգտագործող մարդիկ և կազմակերպությունները ամենամեծ ռիսկի տակ են։ Նրանց IP հասցեները համեմատաբար հեշտ է կապել որոշակի օգտատերերի հետ և անանունացնել»,- գրել էր Ռ.Մուրադյանը։
VPN-ը ծառայություն է, որը թույլ է տալիս մուտք գործել համացանց ծածկագրված` գործողությունների գաղտնիությունն ապահովելու և օգտատերերի տվյալները պաշտպանելու համար