«Փաստ». Այս վերջին ընտրությունները չեն դադարում անմաքուր, ոչ ազատ, կեղծված լինելու «դափնիներին» հավակնել
Օրվա մամուլ
08:37 23/06/2026
Հայաստան

«Փաստ». Այս վերջին ընտրությունները չեն դադարում անմաքուր, ոչ ազատ, կեղծված լինելու «դափնիներին» հավակնել

«Փաստ» թերթը գրում է.

«ՍԴ դիմած քաղաքական ուժերն ու իրենց լիդերները, ներկայացուցիչները, անշուշտ, միամիտներ չեն: Պարզապես նախանշված իրավական, եթե կուզեք՝ իրավա-քաղաքական ճանապարհը դա է. եթե համաձայն չեն ընտրությունների հրապարակված պաշտոնական արդյունքների հետ, ապա դրանք վիճարկելու տեղը Սահմանադրական դատարանն է: Այսինքն, հետագայում նոր իրավական ու քաղաքական գնահատականներ տալու և դրանից բխող գործողությունների դիմելու համար նախ պետք է պահել ընթացակարգը: Պետք է կարծել, որ ընդդիմության հիմնական ուժերի մոտեցումը հենց այդ շրջածիրում է:

Այս ամենի հետ կա նաև ոչ պակաս կարևոր հանգամանք՝ կապված հենց վիճարկվող ընտրությունների հետ: Մեզանում կա տարածված թյուրընկալում, թե ընտրությունը գերազանցապես քվեարկությունն է: Մինչդեռ դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ: Քվեարկությունը ընտրական գործընթացի կարևոր փուլերից մեկն է միայն:

Այդուամենայնիվ, դրանից այս վերջին ընտրությունները չեն դադարում անմաքուր, ոչ ազատ, կեղծված լինելու «դափնիներին» հավակնել:

Ու հարցն այն չէ միայն, որ քվեարկության արդյունքներն ամփոփելու ժամանակահատվածում ակնհայտորեն ինչ-ինչ մանիպուլյացիաներ կատարվեցին: Հենց թեկուզ ձայների հաշվարկի ընթացքում ամփոփումը գիշերն ընդհատելու և միայն առավոտյան թվեր հրապարակելու փաստն ինչ ասես՝ արժե: Դեռ չենք խոսում կամայականորեն 3 տեղամասի արդյունքները զրոյացնելու և վերաքվեարկությունը զավեշտալի «հիմնավորումներով» մերժելու ԿԸՀ որոշման մասին:

Բայց բուն «ընտրական գործընթացը» շատ ավելի տարածական և ընդգրկուն է, եթե անգամ միայն նախընտրական քարոզարշավի շրջանից վերցնենք: Ու այդ գործընթացը ժողովրդավարական կամ ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ են մի քանի կարևոր պայմաններ, օրինակ՝ մրցակցության հավասար պայմաններ ունենալը, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման հնարավորության էական սահմանափակումը կամ բացառումը, իրավապահ ու քննչական մարմինների անկողմնակալությունը: Բաներ, որ 2026-ին ոչ մի կերպ չեն ապահովվել: Լրիվ ընդհակառակը:

Այսինքն, ընդդիմադիր հիմնական ուժերը և իշխանությունը, նաև այլ մրցակից ուժեր ունեցել են անհավասար պայմաններ, ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկի փաստացի լիդերը զրկված է եղել նույն ձևաչափով ընտրողների հետ ազատորեն հանդիպելու հնարավորությունից: Վարչական ռեսուրսը փաշինյանական իշխանությունը ամբողջովին չարաշահել է: Իրավապահ ու քննչական, ռեպրեսիվ մարմինները թիրախավորել են բացառապես ընդդիմադիր ուժերին, թիրախավորվել, ապա ձերբակալվել ու կալանավորվել են ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, գործիչներ, առավելապես այն անձինք, որոնք համապետական կամ տեղական մասշտաբներով եղել են ակտիվ-կազմակերպիչներ, նախընտրական շտաբների ներկայացուցիչներ, ընդդիմադիրների նկատմամբ ռեպրեսիաները կրել են զանգվածային բնույթ և կազմալուծել են ուժերից շատերի նախընտրական շտաբների աշխատանքները:

Մինչդեռ իշխանության ու ՔՊ լիդերի նկատմամբ նման սահմանափակումներ ու սանկցիաներ չեն կիրառվել, նույնիսկ՝ մրցակիցների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու և կյանքին սպառնալու բացահայտ դրսևորումների դեպքում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder