Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում։
Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի կարգավորման նպատակն է «կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը՝ դրանում առավել հստակ արտացոլելով պետականության ամրապնդման, հանրային և պետական շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հարատևությանն ուղղված արժեքները։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ Կառավարության անդամների կողմից տրվող երդումն ավելի ամբողջական կերպով կարտացոլի նրանց կողմից պաշտոնի ստանձնման հետ կապված պատասխանատվության շրջանակը և պետական իշխանության հիմքում ընկած հիմնարար արժեքները»։
Ըստ նախագծի՝ լիազորություններն ստանձնած կառավարության անդամները տալիս են հետևյալ երդումը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների։»։
Լիազորություններն ստանձնած կառավարության անդամները մինչ այս տվել են հետևյալ երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը:»:
Նախագծում նշվում է. «Ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեքստը ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են ժողովրդավարական և իրավական պետության համար։
Առաջարկվող երդման տեքստում օգտագործված հասկացություններն ընտրվել են՝ արտացոլելու համար Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը, ժողովրդավարական կառավարման սկզբունքները և Կառավարության անդամի սահմանադրական առաքելությունը»։
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը նախագիծ են հեղինակել՝ առաջարկելով փոխել պատգամավորական երդման տեքստը, ըստ «Հրապարակի», «այն հարմարեցնելով Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» գաղափարին։ Տեքստից դուրս են թողնվելու համազգային նպատակներին շեշտադրումները, այն նեղացնելու են հայաստանյան տարածքով»։