Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբին Հուդի անվան հետ կապվող շուրջ 1200 տարեկան կաղնին չորացել է
Շերվուդի անտառի խորհրդանշական՝ շուրջ 1200 տարեկան «Մեծ կաղնին», որը կապված է Ռոբին Հուդի լեգենդի հետ, ենթադրաբար չորացել է այս գարնանը; Տերևներն այդպես էլ բողբոջներից դուրս չեն եկել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Բնապահպանների խոսքով՝ վերջին տարիներին ծառը աստիճանաբար թուլանում էր, իսկ այս տարի առաջին անգամ ամբողջությամբ բացակայել է սաղարթը, ինչը համարվում է նրա կենսաբանական ավարտի նշան։
RSPB-ի ներկայացուցիչ Հոլի Դրեյքը նշել է, որ ծառի վիճակի վատթարացման պատճառները բազմաշերտ են․ տասնամյակների ընթացքում այցելուների մեծ հոսքը սեղմել է հողը՝ դժվարացնելով ջրի և օդի հասանելիությունը արմատներին, իսկ նախորդ տարիների երաշտներն ու ջերմային ալիքները, որոնք կապվում են կլիմայի փոփոխության հետ, նույնպես զգալի ազդեցություն են ունեցել։
Բնապահպանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կաղնու արմատային համակարգը ժամանակի ընթացքում եղել է «խեղդված և քայքայված»։ Բացի բնական գործոններից, մասնագետները նշում են նաև մարդկային միջամտությունը՝ ներառյալ մետաղական հենարաններն ու ամրացումները, որոնք տարիներ շարունակ պահել են նրա ծանր ճյուղերը։
«Մեծ կաղնու նման հին ծառերը մեր բնության հազվագյուտ հուշարձաններն են, որոնց կորուստը հաճախ աննկատ է անցնում, մինչդեռ դրանց արժեքը էկոհամակարգի համար անչափ մեծ է»,-նշել է Woodland Trust-ի ներկայացուցիչ Էդ Փայնը։
«Մեծ կաղնին» վաղուց դարձել էր ոչ միայն բնության, այլև մշակութային խորհրդանիշ։ Ավանդության համաձայն, այն կապվում է Ռոբին Հուդի հետ, ով այստեղ էր ապաստան գտնում Նոթինգհեմի շերիֆից փախչելիս։ Ծառը հիշատակվել է նաև 18-րդ դարի գրական աղբյուրներում, ինչից հետո դարձել է զբոսաշրջիկների ու բնության սիրահարների այցելության վայր։
Չնայած դրա չորացմանը, բնապահպանները ընդգծում են, որ ծառը կմնա Շերվուդի անտառի բնական և մշակութային ժառանգության կարևոր մաս՝ որպես կենդանի հիշողություն անտառի պատմության մասին։