Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում. ջրասուզակ Վահե Մելքոնյանն արտասվելով պատմում է՝ ինչպես է գտել ջրահեղձ քույրերին
Հասարակություն
12:25 24/06/2026
Հայաստան

Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում. ջրասուզակ Վահե Մելքոնյանն արտասվելով պատմում է՝ ինչպես է գտել ջրահեղձ քույրերին

«Ինձ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, մանավանդ, երբ այն վերաբերվում է երեխաներին, շատ ցավալի է»,- ասում է ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Հենց նա է Փամբակ գետում հայտնաբերել խեղդված 7 և 13-ամյա քույրիկներին։

«Վանաձորից կանչ եղավ՝ քույրերին որոնելու համար, գործիքները վերցրել եմ ու գործընկերներիս հետ գնացել։

Տուն էի հասնում ժամը 22։00-23։00-ին, փորձում էի քնել, չէի կարողանում, ամբողջ  գիշեր պառկում, մտածում էի, քարտեզը բացում, նայում, թե որտեղ կարող է երեխաներին պահած լինի գետը, որտեղ նայած չեմ լինի, որտեղ նորից նայեմ։

7 տարեկան բալիկին գտա մոտավորապես դեպքի տեղից 500 մետր հեռավորության վրա։ Ափի վրայից  ծառն ընկել էր ջրի մեջ, պուճուրը գնացել էր ծառի տակ։ Շոշափելով թաթիկից գտա, դժվարությամբ հանեցի ծառերի ճյուղերի միջից։ Սկսեցի մյուս քույրիկի որոնումը, որը տվեց մի քանի օր։  13-ամյա աղջնակին ջուրը մտցրել էր գետի մեջ ընկած հաստատ ծառի տակ, ավազով ծածկել էր։ 

Շունչս պահելով իջնում, փորում էի, ավազի տակից բալիկին հանեցի։ 

Երեխեքը գնացել էին հաց ուտելու, ճանապարհին են կորել։ Դրանից է վրաս ահավոր ազդում»,- պատմում է Վահե Մելքոնյանն ու արտասվում։ 

Նա նշում է, որ ջրահեղձ եղած շատ երեխաների է գտել. «Երեխա եմ հանել՝ տոտիկը տիկնիկի ոտքի չափ է եղել»։ 

«Գետում աշխատանքը շատ բարդ է։  Ամեն բարդության հանդիպում ես։

Հերոսի բան չկա, ուղղակի մարդ պետք է խճղով ապրի։ Սա ես չեմ անում, սիրտս է անում»,- արցունքներն աչքերին ասում է ջրազուսակ Վահե Մելքոնյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում. ջրասուզակ Վահե Մելքոնյանն արտասվելով պատմում է՝ ինչպես է գտել ջրահեղձ քույրերին