Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլյան պատերազմում шդրբեջшնցիների անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ 44-օրյա պատերազմում եղան 30 գլխատումներ. Իրավաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների կողմից գլխատված սպա Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ բողոքը ներկայացվել է ընտանիքի ու իրավապաշտպանների կողմից։
«Սա անհատական նախաձեռնություն է եղել, իրավապաշտպանները համագործակցել են անմիջականորեն հանցագործությունից տուժած խմբերի հետ։ Նաև պետք է ֆիքսենք, երբ գործերը կոմունիկացվեցին Ադրբեջանի հետ, տեղեկատվություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը, արդյոք ՀՀ-ն ցանկանո՞ւմ է որպես երրորդ կողմ ներգրավվել իրավական գործընթացներին։ 2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ներգրավվել որպես երրորդ կողմ, այսինքն կառավարությունը նույնպես իրավական դիրքորոշումներ է ներկայացրել»,-լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով օրեր առաջ ՄԻԵԴ-ի կողմից հրապարակած «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռի մասին։
Աշխատանքներում ներգրավված են եղել նաև կամավորներ, իրավապաշտպաններին օգնել են ադրբեջանագետներ, անցկացվել են մի շարք փորձաքննություններ, այս մեծածավալ աշխատանքի արդյունքում ներկայացված փաստերի, ապացույցների հիման վրա ՄԻԵԴ-ը բավարարել է բողոքը։
Դիմումատուների ներկայացուցիչ, իրավաբան Արաքս Մելքոնյանը կարևորեց Եվրոպական դատարանի այս վճիռը, քանի որ այն առաջինն է, որ վերաբերում է ապրիլյան պատերազմի ընթացքում զինծառայողների սպանություններին։ Դրանց վերաբերյալ ևս 21 բողոք է ներկայացված ՄԻԵԴ։
Հայկ Թորոյանն ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայակից ընկերոջ հետ զենք է փորձել տանել առաջնագիծ, ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից ենթարկվել են հարձակման։ Ըստ երևույթին, մարտ է եղել, զինծառայողը ծանր վիրավորվել է, փորձաքննությունը հաստատել է, այնքան ծանր վիրավոր է եղել, որ ինքնուրույն քայլել չի կարողացել, շարքից դուրս զինծառայող է դարձել։ Ադրբեջանցի զինվորները նրան անդամահատել են, գլխատման միջոցով կյանքից զրկել։
«ՄԻԵԴ այս որոշումը շատ կարևոր նշանակություն ունի՝ արձանագրելու պատերազմական ծանրագույն հանցագործությունը։ Մենք ունեինք էական փաստական ապացույցներ, տվյալներ։ Ադրբեջանցիները ներթափանցել էին Թալիշ, իրականացրել էին քաղաքացիական անձանց նկատմամբ ոճրագործություն, սպանություն, մարմինների խեղում, դրանք փոխկապակցված հանցագործություններ են։ Այդ ամենին ներգրավված անձինք արել էին լուսանկարներ ու դրանք տարածել սոցիալական ցանցերում, ունեինք նաև ֆիզիկական անձի վկայությունները, որ ականատես էր եղել այդ ամենին, և իհարկե՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի, մաքրել են Թալիշի հարակից շրջանները հայկական ուժերից։ ՄԻԵԴ-ը ընդունել է մեր բոլոր փաստարկներն ու ընդունել Ադրբեջանի իրավազորությունը»,-ասաց Ա. Մելքոնյանը։
Նա ընդգծեց, ապրիլյան պատերազմում հայ զինծառայողներին գլխատած, անդամահատած ադրբեջանցի զինծառայողները Ադրբեջանում հերոսացվում էին,պարգևատրվում, այդ վարքագիծը դարձել էր օրինակելի։
«Մենք գիտենք այդ խմբի որոշ անդամների տվյալները, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ավելին հանդիպումներ էին կազմակերպում երիտասարդների հետ, պատմում էին այդ մասին, պարգևատրվում։ Այս անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում եղան շուրջ 30 գլխատումներ, գերեվարված զինծառայողների այլ սպանություններ, այդ թվում գլխատումներ կանանց, տարեցների շրջանում, ավելին, որպես ահաբեկման մեթոդ ադրբեջանցի զինծառայողները դրանք տեղադրել էին սոցցանցերում»,-ասաց Ա. Մելքոնյանը։
Նա ընդգծեց՝ 2023-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ շատերը հենց դա էին նշում, ինչպե՞ս կարող են մնալ Արցախում, երբ ծերերի, զինծառայողների գլխատումներ են եղել, և դրանք կատարողները մնացել են անպատիժ։
«Չկար այլ տարբերակ, քան տարածքը լքելն էր, քանի որ անձինք էական ու իրական վտանգ էին զգում իրենց կյանքի համար, քանի որ տեսել էին, թե ինչպես էին կատարվում սպանություններ, այդ թվում խմբակային, և որևէ մեկը չէր ենթարկվել պատժի։ Այն ռիսկը, որ թերևս էլի կլինեն նման դեպքեր, ուղղակիորեն ազդել է մարդկանց որոշման վրա»,-ասաց Ա. Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։