«Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ և ընթացքի մեջ է. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական
14:23 25/06/2026
Հայաստան

«Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ և ընթացքի մեջ է. Մետաքսե Հակոբյան

«Միքայել Սրբազանը և այսօր բռնաճնշումների ենթարկվող մյուս անձինք քաղբանտարկյալներ են, և այդ հանգամանքը պետք է մշտապես ընդգծվի»,- այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասեց  Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր  Մետաքսե Հակոբյանը։

Խոսելով Միքայել Սրբազանի գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացվելիք որոշման մասին՝ Հակոբյանը նշեց, որ որևէ ակնկալիք չունի արդարադատության իրականացման առումով։

«Սպասելիքները, բնականաբար, ոչ թե ինչ-որ հույսեր են, որ արդարադատություն է տեղի ունենալու, արդար որոշումներ են լինելու, այլ օրվա իշխանությունների կապրիզներից ելնելով կամ իրենց հակահայկական հաշվարկներից ելնելով՝ այսօր որոշում է կայացվելու։ Ցանկացած պարագայում, ելքը ինչպիսին էլ լինի, դա չի լինելու արդարադատության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում։ Այնպես որ, առանձնապես որևէ ակնկալիք այդ առումով չի կարող լինել»,- նշեց նա։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին՝ Մ. Հակոբյանը պնդեց, որ նման պայմաններում խաղաղության օրակարգի մասին խոսելը հիմնավորված չէ։

«Բնականաբար, այստեղ նման տարբերակ չի կարող լինել, և որևէ խաղաղության օրակարգից խոսք լինել չի կարող, որովհետև Ադրբեջանը գնալով մեծացնում է ճնշումները։ Խոսույթը արդեն շատ հստակ է․ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ և այն ընթացքի մեջ է՝ անկախ այս իշխանությունների բարբաջանքներից, անկախ այս իշխանությունների հիստերիայից, որ այդպես չի լինելու, այսպես է լինելու, այնպես է լինելու։ Արդեն մեկնարկը տրված է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի իրականացմանը, և Ադրբեջանը հստակ քայլերով գնում է դրան»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանն իր գործողությունները ներկայացնում է որպես խաղաղության օրակարգ՝ պատերազմով ճնշում գործադրելու միջոցով։

«Այլ բան է, որ Ադրբեջանը, այո, դա ներկայացնում է որպես խաղաղության օրակարգ, որովհետև հակառակ դեպքում միանշանակ վախեցնում է այս իշխանություններին հենց պատերազմով։ Իսկ պատերազմի պարագայում մենք շատ լավ պատկերացնում ենք՝ այս իշխանությունների օրոք մենք ինչ ելք ենք ունենում։ Այսինքն՝ այստեղ ևս այս իշխանությունները ընտրության հարց ունեն»,- նշեց նա։

Հակոբյանը զուգահեռ անցկացրեց Արցախի շուրջ նախկին գործընթացների և ներկայիս իրավիճակի միջև՝ պնդելով, որ գործող իշխանությունները տարբեր մոտեցումներով իրականացնում են նույն քաղաքականությունը։

«Եթե Արցախի հարցում Նիկոլը հայտարարում էր Ազգային ժողովի ամբիոնից, որ, այո, կար տարբերակ խաղաղ պայմաններում հանձնել Արցախը, բայց ինքը դրան զուգահեռ զոհեց հազարավոր տղաների և դա արեց գիտակցաբար, ապա այս պարագայում ինքը ընտրել է մյուս տարբերակը՝ մաս-մաս կտրտել Հայաստանը և, ներկայացնելով որպես խաղաղության օրակարգ, հանձնել Ադրբեջանին։

Հստակ է օրակարգը։ Տարբերությունը միայն Արցախի հանձնման ու Հայաստանի մասնատման և ապամոնտաժման միջև նրանում է, որ դա անում է այս պարագայում արդեն առանց զոհերի»,- եզրափակեց Հակոբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder