Միքայել Սրբազանի գործն ընդհանրապես դատարանում չպետք է լիներ. Փաստաբան
Իրավունք
13:27 25/06/2026
Հայաստան

Միքայել Սրբազանի գործն ընդհանրապես դատարանում չպետք է լիներ. Փաստաբան

«Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ դատարանը հեռանում է  առանձին սենյակ, չի կարող հստակ ժամանակահատված ասել, թե երբ կկայացնի որոշում ու կհրապարակի»,- լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ մեկնաբանելով վերաքննիչ քրեական դատարանի հայտարարությունը, ըստ որի՝ «հեռանում է առանձին սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի պատրաստ լինելու պես»։

Փաստաբանն ասաց, որ դատարանի գործողությունն իրավաչափ է, պետք է սպասել, դատարանը նախապես պաշտպանական թիմին կտեղեկացնի որոշման հրապարակման ժամի մասին։ 

«Եթե քրեադատավարական ընթացակարգերի տեսանկյունից նայենք, այս գործըն ընդհանրապես դատարանում չպետք է լիներ։ Պաշտպանական թիմը բազմիցս ասել է, որ սա քաղաքական հետապնդում է իր բոլոր խախտումների առկայությամբ։ Ինչ որոշում կկայացանի, չենք կարող կանխատեսել, բայց դատարանը կամ պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռը, կայացնի արդարացման դատական ակտ, կամ նյութաիրավական դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի և, ենթադրենք, բեկանի և ուղարկի ըստ ընդդատության քննելու, կամ փոփոխի դատական ակտը։ Բազմաթիվ իրավիճակներ կան, միայն կարելի է հստակորեն արձանագրել, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում, տարր պարունակող գործ է իր բազմաթիվ խախտումներով»,- ասաց Ֆարմանյանը։ 

Նա նշեց, որ ներկայիս իշխանությունները դատական համակարգը, առահասարակ իրավապահների աշխատանքը համապատասխանեցնում են իրենց քաղաքական ցանկություններին, քիմքին, վերաքննիչ դատարանին իսկապես մեծ համարձակություն է պետք, որ այսօր իրական արդարադատ որոշում հրապարակի։ 

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) քիչ առաջ հայտարարեց, որ հեռանում է առանձին սենյակ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով  որոշում կայացնելու։  Պաշտպանները պահանջել են ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած դատավճռի և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Աջապահյանի անմեղությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder