Հիշել անցյալն ու հասկանալ՝ միշտ ելք կա. «Ռուզան, Արցախի դուստր» ներկայացումը՝ արցախցի Ռուզան Խաչատրյանի բեմադրությամբ
Մշակույթ
11:52 25/06/2026
Հայաստան

Հիշել անցյալն ու հասկանալ՝ միշտ ելք կա. «Ռուզան, Արցախի դուստր» ներկայացումը՝ արցախցի Ռուզան Խաչատրյանի բեմադրությամբ

Երևանում վերակազմավորված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի Մուրացանի «Ռուզան» պատմական դրամայի հիման վրա ստեղծված  «Ռուզան, Արցախի դուստր»  բեմադրությունը։ 

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև գրական ստեղծագործությունը գրվել է 19-րդ դարում, բայց մինչ օրս իր արդիական խորհուրդն ունի։

«Ցավոք սրտի, այն արդիական է նաև այսօր, քանի որ մեր հայրենիքի առաջ ծառացած փորձությունները մշտապես կան, և մեր ժողովուրդը ստիպված անցնում է դրանց միջով։

Այսօր առավել քան Արցախի մեր հայրենակիցների, նաև այստեղի մեր հայրենակիցների համար կարևոր է այս թեմային անդրադառնալը՝ վերհիշելու, թե ինչ փորձությունների միջով ենք անցել, ինչպես ենք կարողացել նորից ապրելու, հայրենիքը պահելու և այդ հայրենիքում ապրելու, հայրենիքով ապրելու ելք գտնել»,- ասաց ռեժիսորը։

Նա կարծում է, որ «Ռուզան, Արցախի դուստր»  բեմադրությունը նոր ճանապարհ ու նոր հույս է տալու հանդիսատեսին՝  չընկճվել, այս ամենը որպես հուսահատություն չընդունել, այլ հասկանալ ու գիտակցել՝ միշտ ելք կա, միշտ վերածնվելու հնարավորություն կա. «Մենք շատ ենք ցանկանում, որ մեր հանդիսատեսը հույսով ու մեծ հավատով դուրս գա դահլիճից։ Բնականաբար, ներկայացումը ողբերգական ավարտ ունի, բայց դա ուղղակի զոհողություն, ինքնազոհողություն չէ, փրկություն է։

Կարծում եմ՝ մի գեղեցիկ լույսի շողով է գնալու հանդիսատեսը»։

Բեմադրության մեջ խաղում են հիմնականում արցախցի դերասաններ, ինչպես նաև հայտնի դերասաններ Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Լևոն Այվազյանը։

«Իհարկե, դժվար է արցախցի դերասաններին կրկին անցնել այն փորձությունների միջով, որոնց միջով անցել են իրական կյանքում, գիտեն՝ ինչի մասին են խոսում. միայն ուղղակի դերասանական խաղ չէ, նրանք անցել են այն փորձությունների միջով, որը պետք է խաղան բեմի վրա»,- ասաց Ռուզան Խաչատրյանը։

«Ռուզան, Արցախի դուստր»  ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 28-ին և 29-ին «Համազգային» թատրոնում։ 

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը գործում է Հայաստանի թատերական գործիչների միության և «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ, վերակազմավորվել է 2025 թ. օգոստոսին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder