Թրամփը Կոնգրեսից 87 միլիարդ դոլար է խնդրել Իրանի հետ պատերազմի ծախսերի համար
Քաղաքական
14:48 25/06/2026
Աշխարհ

Թրամփը Կոնգրեսից 87 միլիարդ դոլար է խնդրել Իրանի հետ պատերազմի ծախսերի համար

Սպիտակ տունը Կոնգրեսին է ներկայացրել 87.6 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորման խնդրանք՝ հիմնականում Իրանի դեմ ռազմական գործողությունների հետ կապված կարիքների համար՝ հայտնում է BBC-ն։

Խնդրանքը ներկայացվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Կոնգրեսը ընդունել էր ռազմական գործողությունները քննադատող բանաձև։

Ֆինանսավորման հիմնական մասը՝ 67 միլիարդ դոլար, նախատեսված է Պաշտպանության նախարարության համար։ Դրանից 21 միլիարդ դոլար նախատեսվում է զինամթերքի համար, 17.3 միլիարդ՝ գործառնական ծախսերի, իսկ 12.1 միլիարդ դոլար՝ գաղտնի ծրագրերի իրականացման համար։ Մնացած միջոցները ներառում են 11 միլիարդ դոլար՝ ամերիկացի ֆերմերներին աջակցելու և 1.4 միլիարդ դոլար՝ Կենտրոնական Աֆրիկայում Էբոլայի բռնկման դեմ պայքարի համար։

Սպիտակ տան բյուջետային գրասենյակի փոխանցմամբ՝ ֆինանսավորումն անհրաժեշտ է ռազմական պաշարների վերականգնման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում դիվանագիտական օբյեկտների անվտանգության ուժեղացման համար՝ այն բանից հետո, երբ դրանցից մի քանիսը հարձակման էին ենթարկվել պատերազմի ընթացքում։

Սակայն առաջարկը Կոնգրեսում բախվել է դժվարությունների, քանի որ Իրանի հետ հակամարտությունը հանրային լայն աջակցություն չունի, իսկ մոտենում են միջանկյալ ընտրությունները։ Հանրապետականներն ու դեմոկրատները տարբեր դիրքորոշումներ են հայտնում պատերազմի ընթացքի և ֆինանսավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի հանրապետականների հետ հանդիպման ընթացքում քննադատել է պատերազմի լիազորությունների սահմանափակման վերաբերյալ քվեարկությունը՝ այն որակելով «սխալ ժամանակին ընտրված և անիմաստ»։ Քվեարկությունը, որը սահմանափակում էր նախագահի ռազմական գործողությունների լիազորությունները, Կոնգրեսի առաջին նման նախաձեռնություններից էր։

Օրենսդիրների մի մասը, այդ թվում՝ սենատոր Բիլ Քեսիդին, նշել է, որ վարչակազմը բավարար տեղեկատվություն չի ներկայացրել պատերազմի ընթացքի մասին և քննադատել է գործողությունների երկարաձգումը։

Պենտագոնի տվյալներով՝ պատերազմը մինչ այժմ արժեցել է մոտ 29 միլիարդ դոլար, սակայն վերլուծաբաններն ու օրենսդիրները կարծում են, որ իրական ծախսերը զգալիորեն ավելի բարձր են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը Կոնգրեսից 87 միլիարդ դոլար է խնդրել Իրանի հետ պատերազմի ծախսերի համար