Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման կարող է օգտագործվել որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք. Թուրքագետ
Քաղաքական
19:20 27/06/2026
Հայաստան

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման կարող է օգտագործվել որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք. Թուրքագետ

«Ոչ միայն Իսրայելը, այլ նաև շատ երկրներ, որոնք ճանաչել են 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն, այդ հարցն օգտագործել են Թուրքիայի դեմ որպես ճնշման գործիք, այսինքն՝ ինչ-որ զիջումներ կորզելու համար»։ Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իսրայելի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե պետք է ընդունվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, ասեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Նրա խոսքով՝ իրականում այդ երկրների մեծ մասը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, և ցեղասպանության ճանաչումը որևէ կերպ չի ընկալվել որպես մարդասիրական քայլ։

«Նույնը նաև Իսրայելի դեպքում է․ հարաբերությունները վատացան, և հիշեցին Հայոց ցեղասպանության մասին։ Սա ընդամենը միջոց է, որպեսզի Թուրքիային ցույց տան իրենց դժգոհությունը»,- նշեց  թուրքագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե այս ամենը ինչպե՞ս կազդի «կարգավորվող» հայ-թուրքական հարաբերությունների վրա, Խուդավերդյանը նշել է, որ չի կարծում, թե այն որևէ ազդեցություն կունենա։

«Ինչպես գիտենք, Հայաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել այդ լուրերը։ Չեմ կարծում, որ դրանք ընդհանրապես որևէ ազդեցություն կունենան։ Ըստ իս՝ Ցեղասպանության հարցը պետք է քննարկվի ուղիղ Հայաստանի և Թուրքիայի միջև և այդ շրջանակում էլ լուծում ստանա։ Թե քանի երկիր կճանաչի, դա արդեն էական չէ, քանի որ առհասարակ չի ազդում Թուրքիայի քաղաքականության վրա»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և  այն խոսակցություններին, արդյոք որևէ  դեր ունի՞ Թուրքիան ԱԺ խոսնակի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի առաջադրվելու գործում,  թուրքագետն ասաց, որ այն   կախված չէ միայն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից։

«Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն արդեն մի քանի տարի է բանակցում են, սակայն այդ բանակցությունները բնավ Ռուբինյանից կախված չեն, քանի որ Թուրքիան հստակ նախապայման է դրել՝ մինչև չկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, չի բացի սահմանները Հայաստանի հետ։ Կարծում եմ՝ սա ընդամենը Թուրքիայի ներքին քաղաքական որոշումն է։ Այս հարցում, ըստ իս, ով կլինի Հայաստանի ԱԺ խոսնակը, Թուրքիայի համար էական չէ։ Կարևորն այն է, որ իր նախապայմանների կատարման միջոցով հասնի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը»,- նշեց  նա։

Խոսելով նաև Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Ռուբեն Ռուբինյանին ուղղված շնորհավորանքի մասին՝ Խուդավերդյանն ասել է.

«Դա ընդամենը միջանձնային շփման արդյունք է։ Այո, Թուրքիան Հայաստանում ընտրություններին աջակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և այս շրջանակներում տրամաբանորեն հետևում է, որ միջանձնային քայլերից դրդված Քըլըչը կարող է շնորհավորել Ռուբինյանին։ Սակայն հայ-թուրքական հարաբերությունները կբարելավվեն այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրվի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder