Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ է ՌԴ-ն ամբողջությամբ արգելել հայկական ձկնամթերքի ներմուծումը. ՍԱՏՄ-ն ստացել է ստուգումների արդյունքները
«Ռուսաստանի Դաշնությունը երբ արտոնել էր, որ այդ երկու կազմակերպությունները կարող են երկիր ներմուծել ձկնամթերք, այդ արտոնումից հետո երկու կազմակերպություններն էլ որևէ խմբաքանակ չեն արտահանել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» երեկվա հայտարարությանը։
Ռուսական պետական մարմինը երեկ հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակել է ձկնամթերքի ներմուծումը հայկական բոլոր ձեռնարկություններից։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ իրենք աշխատում են հայկական կողմի հետ՝ ապահովելու շուկայի համար նախատեսված արտադրանքի անվտանգությունը։
«Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը, մինչև դրանք վերացնեն նախկինում հայտնաբերված խախտումները»,- ասված է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ։
Այսպիսով, այս որոշումից հետո Հայաստանից դեպի ՌԴ ձկնամթերքի բոլոր առաքումները պաշտոնապես կասեցված են։
ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ վերոնշյալ երկու ընկերությունները, որոնց նկատմամբ վերջին փուլով սահմանափակում է կիրառվել, իրականում արտահանում չեն էլ իրականացրել։
Տեսչական մարմնից նշեցին, որ արդեն ձեռնարկում են համապատասխան քայլեր և ուսումնասիրում են ռուսական կողմի ուղարկած փաստաթղթերը։
«Համատեղ ստուգումների արդյունքները, որոնք տեղի էին ունեցել նաև հայկական 4 ձկնաբուծական կազմակերպություններում, ռուսական կողմը մեզ ուղարկել է երկու օր առաջ։ Դրանք այժմ քննարկվում ու դիտարկվում են ՍԱՏՄ-ում, և, բնականաբար, տեսչական մարմինը համապատասխան պատասխան կուղարկի ռուսական կողմին»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ համակարգային խախտումների հայտնաբերումից հետո «Ռոսսելխոզնադզորն» ավելի վաղ խնդրել էր հայկական կողմին ժամանակավորապես դադարեցնել բոլոր տեսակ ձկնամթերքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ ստուգմանն անմիջականորեն մասնակցած երկու ընկությունների՝ «MF Export» ՍՊԸ-ի և «Invest Plus» ՍՊԸ-ի։
Այդ ընկերությունների համար ներդրվել էր ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։ Սակայն, նյութերի հետագա վերլուծության հիման վրա, ռուսական կողմը կազմել է նախնական հաշվետվություն և որոշում կայացրել ժամանակավորապես կասեցնել նաև այս վերջին երկու ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը և օժանդակ փաստաթղթերի ներկայացումը։