Եվրոպայում շոգի պատճառով չորացել է Պո գետը , խափանվել՝ տրանսպորտը
Առողջություն
20:36 27/06/2026

Եվրոպայում շոգի պատճառով չորացել է Պո գետը , խափանվել՝ տրանսպորտը

Եվրոպան շոգի ճիրաններում է. Գետերը չորանում են, Բեռլինում մարդկանց ջրցան մեքենաներով են զովացնում, Դանիայում՝ պատմական ջերմային ռեկորդ Եվրոպան շարունակում է պայքարել աննախադեպ շոգի հետևանքների դեմ` հայտնում է The Guardian-ը։

Իտալիայում, Գերմանիայում և Դանիայում բարձր ջերմաստիճաններն արդեն լուրջ ազդեցություն են թողնում ինչպես բնության և գյուղատնտեսության, այնպես էլ մարդկանց առօրյայի և ենթակառուցվածքների վրա։ Իտալիայի ամենաերկար՝ Պո գետը սկսում է չորանալ, ինչի հետևանքով ծովի ջուրը ներթափանցում է գետի հուն։ Սա վտանգում է երկրի հյուսիսային գյուղատնտեսական շրջանները, որտեղ, մասնավորապես, կաթ են արտադրում պարմեզան պանրի համար։

Տարվա այս ժամանակահատվածում գետի մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել, ինչն արդեն մտահոգություններ է առաջացրել հուլիսին հնարավոր ծանր երաշտի վերաբերյալ։ Գետի ճյուղերից մեկի ափին աշխատող ֆերմերները պատմում են, որ արևածաղկի դաշտերի մի մասն արդեն չորացել է և սկսել է ճաքել։ Այն ոռոգող երկու ջրանցքներից մեկն էլ փակվել է, քանի որ ծովի աղի ջուրը կարող է վնասել բերքը։

Aipo միջտարածաշրջանային գետային գործակալության տվյալներով՝ Պո գետի հոսքը մի քանի օրում կտրուկ նվազել է՝ վայրկյանում 300 խորանարդ մետրից էլ ցածր, մինչդեռ հունիսի միջին ցուցանիշը սովորաբար կազմում է մոտ 1500 խորանարդ մետր։

«Այն երբեք այսքան արագ և այսքան վաղ չի իջել»,– նշել է Իտալիայի ոռոգման ասոցիացիայի (ANBI) ներկայացուցիչ Ստեֆանո Կալդերոնին։

Գետի ավազե ափերը գնալով ընդարձակվում են, որոշ հատվածներում խորությունը նվազել է մինչև մեկ մետր, իսկ ձկնորսներն աշխատում են ծայրահեղ շոգի պայմաններում։ Այս ձմռանը տեղումներ եղել են, սակայն լեռնային ձյունը, որը սովորաբար լրացնում էր ջրային պաշարները, կլիմայի փոփոխության հետևանքով արդեն հալվել է։ Legambiente բնապահպանական կազմակերպության փորձագետ Դամիանո Դի Սիմինեն զգուշացնում է, որ եթե ջրի սպառումը շարունակվի նույն տեմպերով, առկա պաշարները կբավականացնեն երեք շաբաթից էլ պակաս ժամանակով։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ոստիկանությունը մարդկանց զովացնելու նպատակով գործի է դրել ջրցան մեքենաները, որոնք սովորաբար օգտագործվում են անկարգությունների ժամանակ ամբոխը ցրելու համար։

Der Tagesspiegel-ի հաղորդմամբ՝ երկու մեքենաները ջուր են ցողել Բրանդենբուրգյան դարպասի շրջակայքում, այնուհետև շարժվել դեպի Ռայխստագ, Պոտսդամի հրապարակ, Կարմիր քաղաքապետարան և Մաուերպարկ։

Ըստ նույն աղբյուրի՝ միայն այսօր ոստիկանությունը երկու անգամ օգտագործել է ընդհանուր առմամբ 9000 լիտր ջուր։

Շոգն ազդել է նաև Գերմանիայի ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների վրա։ Մի շարք խոշոր մայրուղիներում բետոնե ծածկույթը լայնացել և ճաքել է, իսկ որոշ գնացքների երթուղիներ չեղարկվել են։ Die Welt-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ավտոմոբիլային ակումբի (ADAC) տվյալներով՝ ջերմային վնասներ են արձանագրվել 11 մայրուղիներում։ Դանիայում ևս գրանցվել է պատմական ջերմային ռեկորդ։

Երկրի օդերևութաբանական ինստիտուտի տվյալներով՝ օդի ջերմաստիճանը հասել է 36.6 աստիճանի՝ գերազանցելով 1975 թվականից պահպանվող 36.4 աստիճանի ռեկորդը։ X սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ ինստիտուտը նշել է. «Օդենսեից հյուսիս 36.6°C ջերմաստիճանով մենք ունենք ամենատաք օրը 1874 թվականից ի վեր, երբ չափումները սկսվել են։ Եվ օրը դեռ չի ավարտվել…»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder