Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաուերբանկերն ու վեյփերը դարձել են ինքնաթիռներում հրդեհի ամենամեծ վտանգը
Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում ամառային արձակուրդների մեկնարկից առաջ ավիացիոն ծառայությունները ուղևորներին կոչ են անում փաուերբանկները, վեյփերը և լիթիումային մարտկոցներով աշխատող այլ սարքերը չտեղադրել հանձնվող ուղեբեռում՝ դրանք տեղափոխելով միայն ինքնաթիռի սրահում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Քաղաքացիական ավիացիայի վարչության (CAA) տվյալներով, լիթիումային մարտկոցներից առաջացող հրդեհների վտանգն այսօր ավիացիոն անվտանգության գլխավոր մարտահրավերներից մեկն է։ Ըստ կառույցի, մեկ տարվա ընթացքում գրանցված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է։ Եթե 2024 թվականին արձանագրվել էր 316 դեպք, երբ լիթիումային մարտկոցներով սարքեր էին հայտնաբերվել հանձնված ուղեբեռում, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 643-ի։ Նույն ժամանակահատվածում գրեթե կրկնապատկվել են նաև մարտկոցների գերտաքացման կամ անսարքության դեպքերը՝ 123-ից հասնելով 206-ի։
CAA-ն նշում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր ուղևոր թռիչքի ընթացքում իր հետ ունենում է լիթիումային մարտկոցով աշխատող չորս սարք՝ բջջային հեռախոս, նոութբուք, վեյփ, փաուերբանկ կամ խելացի ժամացույց։ Չնայած այդ մարտկոցները լայնորեն կիրառվում են և չափազանց հարմար են իրենց բարձր էներգատարության շնորհիվ, դրանց գերտաքացման կամ վնասման դեպքում կարող են առաջանալ արագ տարածվող և դժվար վերահսկվող հրդեհներ։
Մասնագետների մտահոգությունն առավելապես կապված է այն հանգամանքի հետ, որ եթե նման միջադեպ տեղի ունենա ինքնաթիռի բեռնախցիկում, այն կարող է երկար ժամանակ աննկատ մնալ՝ մեծացնելով վտանգը։ Մինչդեռ սրահում անձնակազմը հնարավորություն ունի արագ արձագանքելու և վերահսկելու իրավիճակը։ CAA-ի տվյալներով, շաբաթական միջինում գրանցվում է լիթիումային մարտկոցների հետ կապված մոտ երկու միջադեպ։
Բացի հրդեհի վտանգից, նման դեպքերը կարող են առաջացնել նաև թռիչքների ուշացումներ կամ նույնիսկ երթուղու փոփոխություն։ Անցյալ ամիս «EasyJet» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված էր վայրէջք կատարել Հռոմում, քանի որ պարզվել էր, որ բեռնախցիկում փաուերբանկ է եղել։ Իսկ նախորդ տարվա հոկտեմբերին լայն տարածում էր գտել «Air China»-ի ինքնաթիռում նկարահանված տեսանյութը, որտեղ վերևի ուղեբեռի խցիկից բռնկված կրակն, ըստ տեղեկությունների, առաջացել էր լիթիումային մարտկոցից։
Քաղաքացիական ավիացիայի վարչությունը նշում է, որ շատ ուղևորներ դեռևս բավարար տեղեկացված չեն գործող կանոնների մասին։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում բջջային հեռախոսները, վեյփերը և փաուերբանկները տեղափոխել միայն ինքնաթիռի սրահում։ Թռիչքի ընթացքում մեկ ուղևորին թույլատրվում է ունենալ առավելագույնը երկու փաուերբանկ, որոնք չի թույլատրվում լիցքավորել ինքնաթիռում։ Եթե նոութբուքը տեղափոխվում է հանձնվող ուղեբեռով, այն պետք է ամբողջությամբ անջատված լինի։
«Airlines UK»-ի գործադիր տնօրեն Թիմ Ալդերսլեյդը նշել է, որ լիթիումային մարտկոցների հետ կապված միջադեպերը դարձել են աճող մարտահրավեր՝ պայմանավորված մարդկանց կողմից օգտագործվող էլեկտրոնային սարքերի թվի ավելացմամբ։ Նրա խոսքով, թեև օդաչուներն ու անձնակազմը պատրաստված են նման իրավիճակներում գործելու համար, լավագույն լուծումը կանխարգելումն է, որը սկսվում է ուղեբեռը ճիշտ հավաքելուց։
«Electrical Safety First» բարեգործական կազմակերպության արտադրանքի անվտանգության ինժեներ Ջուզեպպե Կապաննան ընդգծել է, որ լիթիումային մարտկոցները մեծ քանակությամբ էներգիա են կուտակում, ինչը հարմար է սարքերի աշխատանքի համար, սակայն անսարքության դեպքում կարող է առաջացնել չափազանց ուժեղ և դժվար մարվող հրդեհներ։ Նրա խոսքով, երբ նման սարքերը գտնվում են հանձնվող ուղեբեռում, դրանց արագ հասանելիություն չկա, ինչն էլ մեծացնում է վտանգավոր հետևանքների հավանականությունը։
Կապաննան նաև նշել է, որ թեև լիթիումային մարտկոցներով սարքերի մեծ մասն անվտանգ է, նման խնդիրների հիմնական պատճառը հաճախ լինում են երրորդ կողմի վաճառողների կողմից առաջարկվող անորակ արտադրանքները։