Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անտարկտիդայում 1985 թվականին հայտնաբերված և շուրջ 40 տարի գիտական հավաքածուի դարակում մոռացության մատնված բրածոն, պարզվել է, որ մայրցամաքում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորն է: Այս մասին հայտնում է BBC-ն։
Նմուշը պահվում էր Քեմբրիջում գտնվող երկրաբանական հավաքածուում։ Այն ժամանակ գիտնականները վստահ չէին, թե ինչ կենդանու է պատկանել բրածոն, և այն երկար տարիներ չի ուսումնասիրվել։
Վերջերս BAS-ի հավաքածուների մենեջեր դոկտոր Մարկ Էվանսը կրկին ուսումնասիրել է նմուշը և նկատել, որ այն շատ նման է դինոզավրի ողի։ Նրա նախաձեռնությամբ Բնական պատմության թանգարանի պրոֆեսոր Փոլ Բարեթը հաստատել է, որ բրածոն տիտանոզավրի պոչի ող է՝ առանձնահատուկ կառուցվածքով, որը բնորոշ է միայն այդ խմբի դինոզավրերին։
Բրածոն հայտնաբերվել էր Ջեյմս Ռոս կղզում։ 1985 թվականի դաշտային գրառումներում երկրաբան Մայք Թոմսոնը այն նկարագրել էր որպես «մեծ սողունի ող»՝ նշելով, որ այն մոտ 10 սանտիմետր լայնություն ունի։ Գիտնականները ենթադրում են, որ այն ժամանակ այն սխալմամբ համարվել էր ծովային սողունի մնացորդ։
Տիտանոզավրերը Երկրի վրա երբևէ ապրած ամենամեծ դինոզավրերից էին։ Հայտնի է դրանց ավելի քան 100 տեսակ։ Դրանք եղել են չորքոտանի բուսակերներ՝ երկար պարանոցներով և հզոր պոչերով։ Թեև որոշ տիտանոզավրեր հասել են ավելի քան 35 մետր երկարության և կշռել մոտ 60 տոննա, անտարկտիկական այս առանձնյակը, գիտնականների գնահատմամբ, եղել է մոտ 7 մետր երկարությամբ։
Գիտնականների կարծիքով՝ դինոզավրն ապրել է շուրջ 82 միլիոն տարի առաջ, երբ Անտարկտիդան ծածկված էր փարթամ անտառներով և ուներ կյանքի համար բարենպաստ կլիմա։
Հայտնագործությունը կարևոր նշանակություն ունի, քանի որ օգնում է լրացնել Անտարկտիդայի սակավ բրածոների պատմությունը և ավելի լավ հասկանալ, թե ինչպես էին դինոզավրերը բնակեցրել աշխարհը մոտ 80 միլիոն տարի առաջ։