Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավիճակի զարգացման երկու հնարավոր սցենար կա. Սերգեյ Մելքոնյանն Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին
«Սա առաջին դեպքը չէ, որ իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆոնին Իսրայելի ղեկավարությունը վերանայում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Իսրայելի կառավարությունն աջակցել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկին՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը: Որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ»,-անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը՝ նշում է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (APRI, Հայաստան) գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Նա մանրամասներ է ներկայացնում փաստաթղթից.
Փաստաթղթի հիմնական մասը
1. Ճանաչել Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը։
2. Դատապարտել այս իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը ժխտելու, նվազեցնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ։
3. Տեղեկացնել Քնեսեթին այս որոշման ընդունման մասին և քայլեր ձեռնարկել հարցը Քնեսեթի լիագումար նիստում քվեարկության դնելու համար։
Բացատրական դրույթներ
1. Փաստաթղթում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորական, հասարակական և քաղաքական վերնախավի անդամների ձերբակալությամբ, տեղահանությամբ և սպանությամբ։ Հետագայում օսմանյան իշխանությունները սկսեցին համակարգված կերպով ոչնչացնել հայ բնակչությանը, որի արդյունքում զոհվեց մոտ 1.5 միլիոն մարդ և ոչնչացվեց Անատոլիայի հայերի դարավոր մշակութային և պատմական ժառանգությունը։
2. Չնայած պատմական լայնածավալ վավերագրությանը, Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է ժխտման կազմակերպված արշավի առարկա՝ ներառյալ պատմության դասագրքերի մանիպուլյատիվ վերաշարադրումը, որը հիմնականում կազմակերպվում է Թուրքիայի կառավարության կողմից։
3. Այսօրվա դրությամբ ավելի քան 30 պետություններ տարբեր ձևերով՝ օրենսդրությամբ, խորհրդարանի հայտարարություններով կամ էլ պաշտոնական հռչակագրերով ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։
4. . Հաշվի առնելով բարոյական և պատմական պարտավորությունը՝ առաջարկվում է՝ Իսրայելի կառավարությունը ճանաչի Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը։
5. Բացի այդ, առաջարկվում է դատապարտել այս իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը ժխտելու, նսեմացնելու կամ աղավաղելու ցանկացած փորձ։
6. Հաշվի առնելով ճանաչման նշանակությունը և համաձայն Քնեսեթի կանոնակարգի 32(ա) կետի՝ առաջարկվում է այս որոշման մասին ծանուցում ուղարկել Քնեսեթին և քայլեր ձեռնարկել հարցը Քնեսեթի լիագումար նիստում քվեարկության դնելու համար:
Ըստ Սերգեյ Մելքոնյանի, իրավիճակի իրավական զարգացման երկու հնարավոր սցենար կա։
«Առաջին զարգացման համաձայն, Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի ոչ թե առանձին օրենքով, այլ Իսրայելի կառավարության որոշմամբ և Քնեսեթում հետագա քվեարկությամբ։ Այս դեպքում ճանաչումը ձեռք է բերում պաշտոնական քաղաքական և իրավական կարգավիճակ՝ որպես պետության դիրքորոշում, սակայն չի ստեղծում առանձին օրենք, որը հստակ պարտավորություններ կդնի նախարարությունների և պետական այլ մարմինների վրա։ Նման որոշումն իր բնույթով նախ և առաջ քաղաքական և դիվանագիտական է»,-նշում է վերլուծաբանը։
Երկրորդ տարբերակի դեպքում, ըստ Մելքոնյանի, Քնեսեթը կարող է հեռուն գնալ ու ընդունել առանձին օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման, հիշատակի օրվա, հիշատակի միջոցառումների վերաբերյալ։
«Այս դեպքում ճանաչումը դառնում է ոչ միայն արտաքին քաղաքական դիրքորոշում, այլև ներքին իրավունքի նորմ։ Հետևաբար, պետական մարմինների վրա դրվում են պարտավորություններ, որոնք ստեղծում են ավելի երկարատև իրավական ազդեցություն, որն ավելի դժվար է չեղարկել հետագա քաղաքական որոշմամբ (լինի դա նոր կառավարության կողմից միջոցառումը չեղյալ համարելու ցանկության, թե ներկայիս ղեկավարության կողմից՝ ընթացքը փոխելու որոշման միջոցով): Հետաքրքիր կլինի տեսնել, թե որ քաղաքական ուժերն են աջակցում այս քայլին, և որոնք են դեմ հանդես գալիս»,-գրում է վերլուծաբանը։