Թուրքիան ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այն Իսրայելի հետ իր տնտեսական և այլ կապերը թուլացնի. Մհեր Աբրահամյան
Քաղաքական
17:22 29/06/2026
Հայաստան

Թուրքիան ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այն Իսրայելի հետ իր տնտեսական և այլ կապերը թուլացնի. Մհեր Աբրահամյան

«Իսրայել պետության կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումը պետք է իր հետ բերի նաև Հայաստանի կողմից դիվանագիտական տարբեր ուղիներով այս հարցի բարձրացմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թյուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին։

Քաղաքական, փորձագիտական,  հասարակական քննարկումների կիզակետում հայտնված այս թեմայի վերաբերյալ դեռ չի խոսել պաշտոնական Երևանը։ Ինչո՞ւ է ուշանում ԱԳ նախարարության արձագանքը։ Ըստ թյուրքագետի,  գործող իշխանությունները որևէ կերպ հակված չեն քննարկելու այս հարցը։

«Այսօրվա իշխանությունը ոչ մի կերպ դեռևս չի արձագանքում, կարծեմ եղել է մեկ արձագանք, որ նրանք չեն քննարկում այդ հարցը կամ այդ հարցին որևէ վերաբերմունք ցույց չեն տալիս»,- նշեց նա՝ հավելելով, որ Իսրայելի ճանաչումն այս պարագայում հայկական կողմին ոչինչ չի տա, քանի որ ներկա իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ուղղությամբ։

Թյուրքագետը միաժամանակ ընդգծեց, որ Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն այդ առումով շատ կարևոր է, որովհետև նույն Իսրայելի ժողովուրդը ևս ապրել է  ցեղասպանություն և հասել է նրան, որ դա ճանաչվի և փոխհատուցվի, սակայն ստեղծված իրավիճակում Հաաստանի մասով ակնկալիքները շատ թույլ են կամ ընդհանրապես չկան։

Հարցին, թե արդյոք Իսրայելի քայլերում կա՞ն արժեքային բաղադրիչներ, Մհեր Աբրահամյանը հստակեցրեց, որ Թել Ավիվի հայտարարությունները կրում են բացառապես քաղաքական բնույթ։

«Ես կարծում եմ՝ Իսրայելի հայտարարությունների հիմնական մասը կրում են քաղաքական բնույթ և չեմ կարծում, որ ինչ-որ արժեքային բան կա»,- ասաց նա՝ մատնանշելով, որ տարիներ շարունակ, երբ Հայաստանը պայքարում էր ճանաչման համար, Իսրայելը դրսևորել է կա՛մ չեզոք, կա՛մ հակասական վերաբերմունք։

Փորձագետի գնահատմամբ՝ այստեղ արժեքներ փնտրելը սխալ է, Իսրայելը սա օգտագործում է զուտ քաղաքական նպատակներով՝ «հասնելու այն բանին, որ ցավեցնի Թուրքիային այն քաղաքականության համար, որը որդեգրել էր նաև Գազայի հատվածում և Իսրայելին ամբողջ աշխարհում փորձում է ցույց տալ որպես ցեղասպան պետություն»։

Անդրադառնալով Իսրայելի կողմից Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց Ցեղասպանության ճանաչման՝ Հարավային Կովկասի վրա հնարավոր ազդեցությանը՝ թյուրքագետը նշեց, որ Հայաստանի որդեգրած պասիվ քաղաքականության պատճառով տարածաշրջանում էական փոփոխություններ չեն լինի։

«Նույն կերպ, սխալ կլինի ակնկալել, թե այս հանգամանքով պայմանավորված կմերձենան Իրանն ու Ադրբեջանը, քանի որ Բաքուն մեծապես կախված է իսրայելական սպառազինությունից և տնտեսական կապերից։ Փոխարենը Թուրքիան կփորձի սա օգտագործել ևս մեկ անգամ արդարացնելու իր անցյալը և կփորձի ևս մեկ անգամ ապացուցել, որ ոչ թե Թուրքիան և Օսմանյան կայսրությունն են ցեղասպան պետություն, այլ Իսրայելն է այժմ ցեղասպան պետություն»,-մանրամասնեց փորձագետը։

Այդուհանդերձ, ըստ Աբրահամյանի, արտաքին քաղաքական որոշակի վերադասավորումներ հնարավոր են, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանի վրա ճնշումների տեսքով։ Նա հիշեցրեց, որ 2009 թվականին, երբ ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, բավականին մեծ ճնշում եղավ Ադրբեջանի կողմից թուրքական արտաքին քաղաքականության վրա, որպեսզի այդ արձանագրություններն  ի կատար չածվեն։

 «Նույնը կարծում եմ հիմա կլինի՝ այս անգամ արդեն Թուրքիան ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա իր տնտեսական և այլ կապերն ավելի թուլացնի Իսրայելի, հատկապես՝ համենայնդեպս  իշխանության հետ»,- եզրափակեց Մհեր Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder